Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»:

Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցները»:

Ի դեպ, Վրաստանը ևս միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (2 հունիսի, 1999թ.): Հետևաբար վրացական իշխանությունները, վրացականի համեմատ հայկական բեռնափոխադրողներից կատարելով ավելի մեծ գանձումներ, աներկբայորեն ոտնահարում են իրենց իսկ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:

Վերոհիշյալ սկզբունքներն ամրագրված են նշյալ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում: Հոդված 2-րդի 1-ին կետը նշում է. «Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ազատ տարանցման իրավունք պետք է տրվի փոխադրումներին և տրանսպորտի միջոցներին: (...) Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործվող միջոցներին»:

3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպիտի ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման»:

Հայաստանի Հանրապետությունը առայժմ չի միացել Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային: Որպեսզի մեր հանրապետությունը լիարժեքորեն ի վիճակի լինի իր շահերը պաշտպանել ազատ տարանցման հարցում, առաջին հերթին պետք է միանալ նշյալ և առդիր փաստաթղթերին: