Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԶ. Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի

կողմից Հայաստանի մանդատի քննարկման

իրավական հետևանքների և հարակից հարցերի շուրջ

“Ինչո՞ւ Վիլսոնը, որ գիտեր, որ իր սենատը երբեք չի ընդունիր մանդատը,
ըսավ այո, ես կփորձեմ:” Ռիչարդ Հովհաննիսյան, ԵՊՀ, 18.11.2011թ.

Այն, որ ԱՄՆ սենատը մերժելու էր Հայաստանի մանդատի ստանձնումը՝ ակնհայտ էր բոլորին, թերևս առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Փորձառու և խորագետ իրավաբան Վիլսոնի համար պարզ էր, որ անգամ քաղաքական կամքի առկայության դեպքում բացակայում էր իրավական հիմքը, որը Միացյալ Նահանգներին թույլ կտար ստանձնել Հայաստանի մանդատը, քանի որ մանդատային համակարգը խարսխված էր Ազգերի լիգայի կանոնադրության (The Covenant of the League of Nations) 22-րդ հոդվածի վրա: Այսինքն, միայն այն երկրներն էին կարող ստանձնել որևէ մանդատ, որոնք մինչ այդ արդեն ընդունել էին հիշյալ Կանոնադրությունը կամ համընթաց պիտի ընդունեին: Ըստ այդմ, քանզի ԱՄՆ սենատը մինչ այդ հավանության չէր արժանացրել Ազգերի լիգայի կանոնադրությունը, (այն է՝ Վերսալի պայմանագիրը, որի անքակտելի 1-ին մասն էր [1-30 հոդվածներ] հենց խնդրո առարկա կանոնադրությունը) ցանկության դեպքում անգամ, իրավական հիմքերի բացակայության պատճառով, չէր կարող ստանձնել Հայաստանի մանդատը:

Հետևաբար, ինչո՞ւ էր Վիլսոնը 1920թ. մայիսին սենատ բերում Հայաստանի մանդատի հարցը, ինչո՞ւ էր հարվածի տակ դնում սեփական վարկը: Այդ քայլը բացատրել “պատմության մեջ բարի գործ կատարած մարդու անուն թողնելու” ցանկությամբ առնվազն անհամոզիչ է: Ընդհանրապես, Վիլսոնը պատմության մեջ մնալու առումով հայերի հույսին չէր, քանի որ Ազգերի լիգայի գաղափարի ջատագովության համար արդեն իսկ արժանացել էր 1919թ.-ի Նոբելյան խաղաղության մրցանակին:

Մինչև բուն պատասխանին անդրադառնալը անհրաժեշտ է մի հստակեցում ևս: Մանդատի մերժումը վնասելու էր Վիլսոնի հեղինակությանը, բայց ոչ՝ հայերի անվտանգությանը, ինչպես ներկայացնում են ոմանք: ԱՄՆ-ն Առաջին աշխարհամարտի ժամանակ պատերազմի մեջ չէր եղել Օսմանյան կայսրության դեմ: Հետևաբար, հայերին պաշտպանելու համար Սենատը, համաձայն ԱՄՆ