Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկական հարցի լուծման

հայեցակարգ

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը՝ ազգի՛ կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը: Ըստ այդմ, երբ ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորելու վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա՝ որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի հարատևելու հնարավորությունը: Ընդսմին, Հայոց հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյան սահմանների, այսինքն՝ Արցախի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությունը վտանգող մարտահրավերները:

1. Հայկական հարցի լուծման բուն նպատակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է՝ ՀՀ և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումն ինքնանպատակ չէ: ՀՀ-ն՝ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր, կա՛մ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով, կա՛մ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ՝ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով հայերի՝ որպես մարդկության անբաժանելի և ինքնատիպ հատվածի հարատևման ապահովումը: