Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայերինը: Վստահաբար, իմ ամենանվիրական ձգտումներից է լինելու կարողությանս չափով մասնակցություն ունենալ, ապահովելու համար այդ անիրավված և տարաբախտ ժողովրդի օրինավոր և ամբողջական ազատագրումը անարդար լծից»:

ԱՄՆ նախագահ Վիլսոնն իր մեկ այլ ուղերձում (23 սեպտեմբերի, 1919թ.) հստակորեն նշում է. «Հայաստանը մեկն է այն շրջաններից, որը պետք է լինի Ազգերի լիգայի խնամակալության ներքո: Հայաստանը պետք է ազատվի: Թուրքին պետք է արգելվի իշխանություն բանեցնել այնտեղ, և քրիստոնյա ժողովուրդներին ոչ միայն պետք է թույլ տրվի օգնել Հայաստանին, այլև նրանց պետք է թույլ տրվի պաշտպանել Հայաստանը»: Ավելին, նույն ուղերձի մեջ նախագահ Վիլսոնը, վկայակոչելով հայոց ջարդերը Թուրքիայում, միանշանակորեն մեղադրում է Թուրքիայի կառավարությանը. «Թուրքական կառավարությունը պետք է ասի, որ ի վիճակի չի եղել կանխելու ահավոր ջարդերը, որոնք այդ երկիրը դարձրել են գերեզմանոց»:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիան Վուդրո Վիլսոնի առաջադրած սկզբունքները միանշանակորեն ճանաչել է որպես խաղաղության բանակցությունների հիմք: Օսմանյան կառավարությունը զինադադարի իր պաշտոնական գրության մեջ (14.10.1918թ.) հստակորեն հայտարարել է. «Ինքը (Օսմանյան կայսերական կառավարությունը) որպես բանակցությունների հիմք է ընդունում այն ծրագիրը, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի կողմից Կոնգրեսին հղված 1918թ. հունվարի 8-ի ուղերձում»: Միմիայն այս պարտավորությունն ի նկատի ունենալով է, որ ամերիկացիները միջնորդել են դադարացնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ և կնքել Մուդրոսի զինադադարը (30.10.1918թ.):

Հղումներ և ծանոթագրություն

  1. Basic Documents in the United States Foreign Policy (by Brockway T.), NJ, 1968, p. 71-4.
  2. President Woodrow Wilson. Address to Congress, Stating War Aims and Peace Terms(Delivered in Joint Session, 8 January 1918), p. 470. (In: The Messages and Papers ofWoodrow Wilson, Vol. I, NY, 1924, p. 464-72).
  3. The Diary of Colonel House, 7 Jan 1918, p. 332. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. III).
  4. Official American Commentary on the Fourteen Points, p. 199-200. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. IV).
  5. Commentary on Fourteen Points, Colonel House to the President [cablegram], p. 157. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. IV).
  6. Quoted in: Somakian M.J. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995, p. 256.