Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները. Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր կնքման պահից, քանի որ.

1. Պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ:

ա) ՀՍՍՀ-ն երբեք չի եղել պետություն և, բնականաբար, երբեք ճանաչված չի եղել որպես այդպիսին: 1920-24թթ. Հայաստանն ունեցել է բռնազավթված տարածքի (occupied territory) կարգավիճակ, իսկ 1924թ.-ից, սկսած ԽՍՀՄ ճանաչումից մինչև վախճանը՝ 1991թ., բռնակցված տարածքի (annexed territory) կարգավիճակ: Հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն ի սկզբանե չի ունեցել միջպետական հարաբերություն իրականացնելու որևէ կարողություն և իրավասություն, մասնավորապես՝ միջազգային պայմանագիր կնքելու լիազորություն:

բ) Կարսի պայմանագիրը ստորագրած Քյազիմ Կարաբեքիրը, 1921թ. չէր հանդիսանում իրավականորեն ճանաչված թուրքական պետության լիազոր ներկայացուցիչը, այլ թուրքական ռազմական դատարանի կողմից մահվան դատապարտված, պատերազմի հանցագործ Մուստաֆա Քեմալի մարտախմբի ներկայացուցիչն էր: Քեմալը 1921թ. պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Քեմալը, երկրի օրինական իշխանությունների դեմ խռովություն բարձրացնելու համար դեռևս 1919թ. օգոստոսի 9-ին զրկվել էր զինվորական և քաղաքացիական կոչումներից ու բոլոր պարգևներից: Իսկ 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիսի 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի ու քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923թ. հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով:

2. Կարսի պայմանագիրը ստորագրելու գործընթացը ոտնահարել է մի շարք jus cogens-ներ: Ըստ այդմ, եթե սահմանի հստակեցման և հաստատման գործընթացը խախտել է միջազգային իրավունքի որևէ անբեկանելի սկզբունք՝ jus cogens, ապա տվյալ սահմանն անօրինական է և անվավեր (illegal and void), քանի որ անօրինական և անվավեր է այն ամրագրող պայմանագիրը: Այս