Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԳ. Նախկին սովետական հանրապետությունների

ճանաչման, ինքնորոշման և սահմանների մասին

Հայ քաղաքական մտքի դաշտում կան բազմաթիվ դեգերող մոլորություններ, այսինքն՝ շատերը կրկնում են մտքեր, որոնք բնավ չեն համապատասխանում իրականությանը և որևէ հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ: Դրանցից է այն թյուրըմբռնումը՝ իբր Եվրամիության պետությունները, 1991-1992թթ. ճանաչելով նախկին Սովետական Միության հանրապետությունների անկախությունը, միաժամանակ ճանաչել են այդ պետությունների սահմանների անձեռնմխելիությունը:

1991թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական համայնքի (European Community) երկրների արտաքին գործոց նախարարները Եվրոպական խորհրդի խնդրանքով իրենց դիրքորոշումն ամփոփեցին անկախության ուղին բռնած երկրների ճանաչման գործընթացի նկատմամբ մեկ միասնական հռչակագրի մեջ: Փաստաթուղթը պաշտոնապես անվանված է. Հռչակագիր «Արևելյան Եվրոպայում և Սովետական Միության [տարածքում] նոր պետությունների ճանաչման ուղենիշների» վերաբերյալ (Declaration on the “Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in the Soviet Union”): Միջազգային իրավունքում հռչակագիրը (declaration), անկախ ստորագրողների քանակից, միակողմանի փաստաթուղթ է (unilateral act): Այսինքն, այն քաղաքական դիրքորոշման արտահայտում է, սակայն կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ չէ, թեև կարող է լինել նաև այդպիսին: Քանի որ Եվրոխորհուրդը, որի խնդրանքով մշակվել է միասնական դիրքորոշումը, ինչպես նաև արտգործնախարարների հավաքը, պաշտոնական կառույցներ չեն (որովհետև նրանց գոյությունն ու լիազորությունները ամրագրված չեն ԵՄ պայմանագրերի մեջ), ուստի նշյալ փաստաթուղթն առավելապես քաղաքական բնույթի է, քան իրավական:

Հռչակագրի նախաբանում արտահայտված է փաստաթղթի էությունը. «Համայնքը և դրա անդամ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի և Փարիզի ուխտի սկզբունքների նկատմամբ, հատկապես՝ ինքնորոշման»: