Մի Ժողովուրդ, ուրեմն, ամբողջովին տոգորված նախնականությամբ: Յեվ այս նախնականությունն ավելի ևս խտացած պիտի լիներ Հյուսիսային Ղարաբաղում, վոր հաղորդակցության միջոցներից զուրկ, աշխարհի հետ շփումներ ունենալու անկարող մի յերկիր եր։ Իր պատմության հին շրջաններում Արցախը յեթե մի դեր կատարել ե, այդ կարելի յե վորոշել յերկու բառով–«հովոց» և «թագստոց»: Նա տալիս եր և՛ զով աշխատավոր ամառ և ծերպեր ու խոռոչներ, ուր մարդիկ կարող եյին թագցնել իրանց դժբախտացած գլուխները վտանգի դեպքում: Յեվ այսպիսի դեր վոչ միայն Աղվանից դաշտավայրերի, այլ նաև Հայաստանի միջնաշխարհի վերաբերմամբ, յերբ այս վերջինը հովոց չեր վորոնում, այլ ամրապինդ բերդ: Դեռ հինգերորդ դարում, Վարդանանց հախուռն ապստամբության սարսափելի հետևանքներից ազատվելու համար՝ «փափկասուն տիկիններն» անգամ փախչում եյին, ահագին տարածություններ կոխկռտելով, Արցախի թանձրախիտ անտառները, ազատ շունչ քաշելու հնարավորություն վորոնելով նրանց վայրենության մեջ: Դարերի ընթացում այս յերկիրն ե յեղել այն հսկայական բերդը, վոր պաշտպանել ե Արարատյան յերկիրը: Զաքարիա Քանաքեռցին մանրամասն պատմում ե, թե ինչպես 17-րդ դարում ոսմանյան արշավանքին յենթարկված ամբողջ Յերևանի խանությունը պոկվեց իր տեղերից և գնաց ապաստան վորոնելու Ղարաբաղի լեռներում:
Բնականության և նախնականության այս ուժեղ, անընկճելի տիրապետությունը միանգամայն հասկանալի յե դարձնում այն համեստ, գրեթե աննկատելի գոյությունը, վոր տանում եր Հյուսասային Ղարաբաղը յերկար ժամանակ: Հասկանալի յե այս, մասնավորապես, և այն նկատառումով, վոր քանի կանգուն եր, Աղվանից պետությունը, սրա կառավարող մարմինները և վայելող դասերն ապրում եյին Պարտավ մայրաքաղաքում և ուրիշ դաշտային վայրերում, պահելով լեռնաստանը միշտ հովոցի պաշտոնի մեջ, վոր վոչ մեծ հնարավորություններ ուներ, վոչ ել, մեծ պահանջներ։
Այսպես չեր Սյունիքը։ Հայոց պատմության վաղ ժամանակներից, յերևի հենց իր հայացման հետևանքով, նա սկսում եր գործոն դեր խաղալ հայ պետական կազմակերպության մեջ, հանդիսանալով իբրև հաճախ անգերակշռելի կենտրոնախույս ույժ, վոր ձգտում եր—և այս վոչ առանց ժամանակավոր աջողությունների առանձնանալ հայ ավատական միջավայրից վոչ միայն քաղաքականապես, այլ և յեկեղեցականապես։ Չնայած, սակայն,