նիստ ու կացի հանգամանքներով վոչինչ նմանություն չուներ Շիրակի թագավորին, մինչև անգամ այն ժամանակ, յերբ այս վերջինի ձեռքում մնացել եր միայն Անի քաղաքը։ Վերջացել եր Աղվանից թագավորությունը լայնարձակ, հարուստ, արգավանդ դաշտերում ու նրանց հռչակավոր մայրաքաղաքի մեջ, այժմ վերստին կազմվում եր նույնպես Աղվանից անունը կրող մի թագավորություն Հյուսիսային Ղարաբաղի լեռներում, և յեթե ուզենանք գտնել նրա աթոռանիստը, պիտի վորոնենք անտառապատ լեռների մի կիրճում կորած փոքրիկ ու աղքատ գյուղը, Տումի անունով, ուր այսոր ժողովրդական ավանդությունը ցույց ե տալիս «թագավորի պալատը», աղքատիկ մի քանի փլատակներ, «թագավորի գերեզմանը», մի հասարակ քար, և անգամ «Թագավորի աղբյուրը»[1])։ Ահա ինչպես եր լեռնային տնտեսության գլուխ բերած կարկատանը, այդ գյուղացի թագավորը, վոր յերևան եր գալիս լեռներում իբրև ապագայի կարկատուն ավատապետության անվանադիր։ Այժմ դեռ գոյություն պահպանում եյին հին անունները - նախարար, իշխան։ Բայց դրանք ել պիտի անհայտանային, իրանց տեղը տալով այս նոր անվան - գյուղական թագավոր, վորի մեջ, սակայն, հայերեն «թագավոր» բառը փոխարինված կլիներ ոտար, բայց համանիշ մի բառով - «Մելիք»։ Լոռու, Մածնաբերդի, Փառիսոսի, Աղվանից, Բաղաց գյուղական թագավորներն ապագա մելիքներն եյին։
Այս մի կարկատան եր, վոր հարդարավեց մի քանի դարի ընթացքում։ Թեև թագավոր անունը սովորական գործածությունից դուրս յեկավ, բայց շարունակեց ապրել իբրև տիտղոս, մանավանդ 12—13 դարերում, յերբ առանձնապես ուժեղացավ Արցախի ավատապետական դասը Խաշեն գավառում և հռչակվում եր մինչ այն աստիճան, վոր այս գավառն իր անունով մոռացնել եր տալիս ամբողջ նահանգի անունը (Արցախ)։ Այդ այն ժամանակ եր, յերբ կազմվում եր Հյուսիսային Հայաստանի իշխանական տոհմերի ուժեղ դաշնակցությունը Լոռու հռչակավոր Զաքարե սպասալարի գլխավորությամբ, մի դաշնակցություն, վոր միացնում եր իր ուժերը վրաց բանակի հետ և միասին հաղթական պատերազմներ եր մղում սելջուկների դեմ։ Այս արշաւվանքները հարստություններ մտցրին Խաչենի գավառը, ուստի այստեղ ել մտավ այն մեծ մշակութային շարժումը, վոր հատուկ եր Զաքարե սպասալարի դարին։ Այս շարժման գեղեցիկ հուշարձաններից մեկն
- ↑ Մակար յեպիսկոպ․ Բարխուտարյան - «Արցախ», Բազու, 1895, յեր․ 79