Էջ:Khoja Capital.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Առաջին անգամ մենք եյինք, վոր հերքեցինք այդ հայտարարությունը, Շիրակի արձանագրություններից մի քանիսի միջոցով ապացուցելով, վոր Հայաստանում յեղել ե ճորտություն[1])։ Այնուհետև յեղած մի շարք հետազոտություններ, այլևս կասկածի տեղ չթողեցին, վոր Հայաստանը բոլորովին բացառություն չի յեղել կազմելիս ճորտատիրական դրության վերաբերմամբ։ Ապացուցում են այս՝ գյուղացիական մի շարք շարժումներ և ապստամբություններ, վորոնք տեղի ունեցան 10֊րդ դարում և վորոնցից մի քանիսը բաժին են ընկնում Սյունիքին։

Ճորտ գյուղացին կարող եր հողաբաժիններ ստանալ ժառանգությամբ կամ իր սեփական փողով գնելու միջոցով, կարող եր այգի տնկել, բայց այդ բոլորի սեփականատերը նա ինքը չեր, այլ կալվածատերը, առանց վորի համաձայնության նա չեր կարող կարգադրություններ անել իր այդ կալվածների վերաբերմամբ։ Հիմնվելով իրենց այս սեփականատիրական իրավունքի վրա, կալվածատերերը շատ անգամ վոտնակոխ եյին անում ճորտերի իրավունքները, խլում եյին նրանց ժառանգական հողերը և նրանց ել դուրս վտարում այդ հողերից։ Այդպես վարվեց Տաթևի առաջնորդ Հովհաննես յեպիսկոպոսը Ցուրա քար անունով գյուղի հետ, վորի բնակիչները համբերությունից դուրս գալով, մի գիշեր հարձակվեցին վանքի վրա՝ յեպիսկոպոսին ձեռք գցելու և փախցնելու համար, բայց չգտնելով նրան վանքում, սպանեցին մի քանի ծերունի վարդապետների, կողոպտեցին վանքը, տարան նույնիսկ մեռոնի արծաթե ամանը և մեռոնն ել թափեցին ժայռից ցած։ Հովհաննես յեպիսկոպոսը վերադառնալով, դիմեց իշխանության, վոր և, իհարկե, իսկույն ձեռք առավ ամենակտրուկ միջոցներ՝ կալվածատեր վանքի իրավունքները վերականգնելու և նրա ըմբոստ ճորտերին զսպելու համար։ Բայց ցուրեցիներն այդպես շուտ չընկճվեցին և նրանց ըմբոստությունն ստացավ տևական կերպարանք։ Յեվ Տաթևի վեղարավոր ֆեոդալների ուտելու և վայելելու անհագ ախորժակը միայն ցուրեցիները չեյին կտրում։ Նման շարժումներ տեղի եյին ունենում և հարևան Տամալեկ և Արևալադաշտ գյուղերում նույնիսկ ավելի համառ, կատաղի կերպով։ Հովհաննես յեպիսկոպոսի ջանքերն ապարդյուն յեղան, իսկ նրա հաջորդը Հակոբ յեպիկոպոսը կարողացավ միայն այն անել, վոր հարկադրեց Սմբատ իշխանին և նրա Սոքիու կնոջը գնել տամալեկցիների ժառանգական հողերը 1000 դրամով և տալ վանքին։

  1. «Անցյալի հարցերից» («Մուրճ» ամսագիր, 1905, № 10)