Էջ:Khoja Capital.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կալվածները մենք մանրամասն նկարագրել ենք մեր մի այլ աշխատության մեջ[1]

Ի՞նչպիսի տերեր եյին Սյունիքի ավատատերերը։ Ահա նրանցից մեկը, Ջեվանշեր իշխանը, տալիս եր իր կալվածատիրական իրավունքները Տաթևի Սողոմոն յեպիսկոպոսին և գրում եր կալվածագրի մեջ. «Արդ իշխան էք դուք Տէր Սօղօմօն՝ ուտել և ժառանգել զայդ շէնդ զԱրուքսդ իւր սահմանօքդ բոլորովիմբ, ծառօք և այգեօք, գետով և ցամաքով, արտավարօք և մարգօք, ջրաղացովք և պարտիզովք, եկեղեցեու և այլ շինուածովք, դու հոգևոր տէր Սողօմօն՝ և ով որ յաջորդի ի տեղիդ ձեր ի յաթոռդ և սուրբ խաչիդ պաշտոնեայքդ մինչև հաւիտեանս ժամանակաց[2])»։ Բնորոշ ֆեոդալական ե այս ուտել բառը, վոր, ինչպես յերևում ե, իրավագիտական վորոշ տերմին եր, ինչպես նա զուգորդում եր «վայելել» բառի հետ նույն Սողոմոնին տրված մի այլ կալվածագրի մեջ․- «Ետու ես Քուբզիդուխտ զայդ շէնդ լերամբք և դաշտով, մարգով և արտով, գետով, ջրով և ցամաքով, ծառովք և տնկովք ի սուրբ խաչդ և ի Տէր Սողօմօն, Սիւնեաց եպիսկոպոս։ Եւ զիմ հոգիս ի քեզ յանձնարարի, արդ իշխան ես դու Տեր Սողօմօն և որ յաջորդէ ոք ի սրբութեանց յաթոռդ Սիւնեաց եպիսկոպոսունք, ուտել և վայելել զայդ շէնդ բոլորովիմբ իւր սահմանօքդ մինչև յաւիտեանս ժամանակաց[3])»։

Մենք տեսնում ենք այս յերկու վավերագրերից, վոր գյուղում կատարելապես վոչինչ չեր մնում, վոր կեր չտրվեր կալվածատիրոջ։ Յեվ կարո՞ղ եր միայն գյուղի մարդը չգտնվել այդ կալվածատիրական բոլորակերության մեջ։ Ընդհակառակն, այդ իսկ գյուղացին եր, վոր իրանով ուտելի ու վայելելի յեր դարձնում և՛ լեռը և՛ դաշտը, և՛ արտն ու այգին։ Իսկ այսպես լինել նա կարող եր, միմիայն գտնվելով ճորտային դրության մեջ, այսինքն՝ անազատ, ամրացված իր հողին և այդ հողի հետ մեկից մյուսին վաճառվող, գրավ դրվող կամ շատ հաճախ մի տիրոջից մյուսին ընծայվող։

Հայոց հին գրականության մեջ շատ քողարկված և մթացրած ե յեղել ճորտության դրությունը, և այս առիթ եր տվել գիտնական իրավաբան Վահան վարդապետ Բաստամյանին հայտարարելու, թե Հայաստանոսմ գոյություն չի ունեցել ճորտությունը[4]

  1. «Պատմ․ Ղարաբաղի Հայ․ Թեմ․ Հոգ․ Դպրոցի»․ Թիֆ․ 1915։
  2. Ստեփանոս Որբելեան․ յեր․217։
  3. Անդ․ յեր․ 219
  4. «Դատաստանագիրք Մխիթարայ Գօշի», Վաղարշապատ, 1880․ յեր․ 316։