Lենկթիմուր, թյուրքմեն ցեղեր և այլ խառնիճաղանճ որդուներ ու տերեր, վորոնք չորացրին յերկրի և ժողովուրդների կենսական հյութերը։ Միայն 16֊րդ դարի սկիզբը կարելի յե համարել այնպիսի մի ժամանակ, յերբ Արևմտյան Ասիայում կանգ ե առնում նվաճողական քաոսը և սկսվում ե յերկու մեծ պետությունների - Պարսկաստանի և Թյուրքիայի, իբրև սահմանակից հարևանների կազմակերպման ծանր շրջանը, վոր թեև դարձյալ քանդումների շրջան եր միջին ասիական վոգով, բայց և այնպես, դրանք վորոշ սկզբունքներով, վորոշ հիմքերի վրա կառուցվող բռնապետական կազմակերպություններ եյին։
Հայաստանն այս յերեք դարյան անխնա աշխարհաքանդությունների մեջ բոլորովին կերպարանափոխվում եր։ Հայ ազգաբնակչությունը սաստիկ նվազում եր, կորցնում եր թվական գերակշռությունը թե՛ ճարակ դառնալով համատարած կոտորածներին և թե փախչելով զանազան յերկիրներ։ Բուն յերկրում մնացողը մեծագույն մասամբ հայ գյուղացիությունն եր, վոր հնար յեղածին չափ պաշտպանություն գտնում եր այլ ևս վոչ թե հայ ճորտատերերի, իբրև ռազմիկ տարրի իշխանության տակ, վոր արդեն չքացել եր, այլ նրան փոխարինած քուրդ ճորտատիրության ստվերի տակ: Իբրև ազգաբնակչական զանգված, հայությունն այլևս նշանավոր ույժ չէր ներկայացնում, վորովհետև կորցրել եր և իր փոքր ի շատե հոծ ազգագրական միապաղաղությունը լայնարձակ տարածությունների վրա և մեծագույն մասամբ վերածված եր չորս կողմից նվաճող տարրերով շրջապատված կամ ավելի հաճախ խճողված հատվածների։
Յեվ ահա այսպիսի համատարած ավերածության մեջ մի քիչ այլ տեսարան եր հանդես բերում Լեռեային Ղարաբաղը։
Այստեղ ել յեղել եյին մոնղոլները։ Ձմեռը նրանք անց եյին կացնում Մուղանի դաշտում, իսկ մնացած ժամանակները լեռնաստանն եր նրանց ճանապարհը դեպի Արևմուտք ե հակառակ ուղղությամբ։ Մոնգոլական քանդումները պակաս վայրագ չեյին լեռներում, և Կիրակոս Գանձակեցին հատկապես Խաչենի մասին ե ասում, թե այստեղի լեռնային բերդերն ել չեյին կարողանում դիմանալ թաթարական բաղխումներին:
«Մտին յամուրսն,- գրում է նա,- և սրոյ ճարակ ետուն զբազմութիւնն և զկէսն գահավէժ արարին. և ի բազմութենէ անկելոցն ծածկէր երկիրն և արիւնն առու եղեալ` իբրև զջուր երթայր, և յոչ ոք խնայեցին և ոսկերքն յետ բազում ժամանակաց իբրև զգերբուկս քարանց կուտեալ երևին[1]):
- ↑ Կիրակոս Վ. Դանձակեցի-«Պատմութիւն Հայոց», Մոսկվա 1753, յեր. 15