Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մելիքին հաջորդում եր նրա ավագ վորդին, վոր կոչվում եր մելիքզաղա, մինչդեռ մյուս վորդիները կրում եյին լոկ «բեկ» տիտղոսը։ Մելիքն ուներ իր սեփական զորքը, վորի մասին կը խոսենք քիչ հետո։ Մենք կարող կլինեյինք ավելացնել և այն, վոր ժողովուրդը տալիս եր մելիքին հատուկ հարկ, վոր կոչվում եր «մելիքյանա», բայց այս փաստին առանձին կարևորություն տալ չենք կարողանում, քանի վոր պարսկական կառավարչական սիստեմի մեջ սովորական բան եր, վոր պաշտոնյան ռոճիկ ստանա վոչ թե պետական գանձարանի, այլ ազգաբնակությունից, հատուկ սահմանված տուրքեր ժողովելու միջոցով:

Ինչ վերաբերվում ե մելիքական դիրքի, իբրև ազգային իշխանության, վայելած հարգ ու պատվին, մենք վերևում բերինք Գեղարքունու Մելիք Շահնազար առաջինին վերաբերյալ փառադրական հատվածներ։ Բայց այդ մելիքը բացառություն չէր. 18-րդ դարում Ղարաբաղի Ջրաբերդ գավառում անվանի դարձած Մելիք Հաթալմին (Ադամին) այսպիսի խոսքերով եր դիմում Եջմիածնի Սիմեոն կաթողիկոս Յերեվանցին (1771).

«Յորմէ ժամանեսցի թուղթ սիրոյ՝ ողջունի՝ օրհնութեան և շնորհաց, հանդերձ ամենառատ ողորմութեամբն և գթութեամբն աստուածային և շնորհիւ սրբոյ իջման տեղւոյս ի վերայ սիրելւոյդ մերոյ և ստոյգ և օգտասէր բարեկամիդ և հարազատ զաւակիդ սրբոյ աթոռոյս` Քրիստոսասէր և ի սոյն միշտ զորացեալ, պերճապատիւ և շքեղափառ, օրհնեալ և բարեպաշտօն պարոն Մելիք Ադամիդ, աստուածապահ տանդ և բնակութեանդ, ի Քրիստոս զօրացեալ որդւոցդ և դստերացդ, սիրելեացդ և բարեկամացդ, ընչիցդ և ապրտնացղ, անդիցդ և անդաստանացդ, վարիցդ և վաստակացդ, հօտիցդ և արջառացդ և ամենայն քո յայնոցդ և ընդ օրհնեալ յարկաւդ եղելոցն»[1]։

Իսկ յերբ մեռավ նույն Մելիք Հաթամը, Սիմեոնի հաջորդ Ղուկաս կաթողիկոսը գրեց նրա յեղբայր Հովսեփ բեկին մխիթարական թուղթ, վորի մեջ ասում եր.

«Զի լուաք այժմ զաղետալի համբաւ մահուան գերազնիւ սիրելւոյն մերոյ և եղբօրն քո ի Քրիստոս հանգուցեալ պարոն Մէլիք Ադամին, որ յիրաւի նոր իմն ցաւ եղև մեզ մեծագոյն և էարկ ի տրտմութիւնս» սաստիկս և ի սուգս դառնագոյնս, քանզի ոչ եր նա իբրև զայլս ի պիտանաւորաց և յօգտարարաց այլ առաւել բան զբաղումս և ընտիր՝ զարդարեալ խոհեմութեամբ և հանճարեղութեամբ պիտանի բազմաց և օգտարար հասարակութեան»:[2]:

Բայց մելիքական իշխանության և ժողովրդի փոխհարաբերությունների հիմքը հողային հարցն ե, վոր անհրաժեշտ ե պարզել։

  1. «Օրինակ գրութեանց Յակովբ կաթողիկոսի Շամախեցւոյ և Սիմէօն կաթողիկոսի Երեւանցւոյ», մասն Բ. Ձեռագիր, Եջմիաշնի մատենադարան, № 752:
  2. «Օրինակք կոնդակաց Ղուկաս կաթողիկոսի» Ձեռագիր, Եջմիաշնի մատենադարան, № 752