Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ել դրամի եյին վերածվում, շահական գանձարանն ուղարկվելու համար, վաճառքի միջոցով։ Այս եր ահա, մեր կարծիքով, պետական կամ «արքունի» առևտուրը։ Մելիքության առևտրական գործառնությունը, վոր գուցե այս հիմնարկության գլխավոր raison d'etre-ներից մեկն եր կազմում, մենք գրեթե համանման արտահայտությամբ կրկնված ենք տեսնում և Մելիք Շափուրին տված հրովարտակի մեջ - «առնաց գիտութեան նորա եթէ ընդհանուր արքունի առևտուր մի՛ արասջիք»[1]

Յեթե մելիքներից շատերը շատ ուժեղ եյին իրենց հարստությամբ, այս բանը բղխում եր նրանց առևտրական գործառնությունից։ Իրանց հարստությամբ հռչակված եյին Գեղարքունիքի Մելիք Շահնազար առաջինը, Դիզակի Մելիք Յեգանն ու իր վորդի Մելիք Արամը, Քշտաղսի Մելիք Հայկազը, վոր, ինչպես գիտենք, Սպահան տեղափոխվելով, դարձավ խոջա։ Այսպիսով դուրս ե գալիս, վոր հայ կալվածատեր ազնվականության և առևտրական կապիտալի մեջ ջրբաժան բարձրություններ չկային, և նրանք գրեթե խառնված եյին իրար հետ։

Այս եր, վորքան կարելի յեր հետևեցնել Գեղարքունիքի Մելիք Շահնազարյանների տոհմային փաստաթղթերից, մելիքների իրավական դրությունը պարսից կառավարության առաջ։ Բայց չի կարելի ասել, թե միանման վերաբերմունք ուներ դեպի իր մելիքները նաև հայ ժողովուրդը։ Յեթե պարսից կառավարութեան համար մելիքը մի մասնավոր գավառի կամ գավառակի կառավարեչ եր և մասնավոր կալվածատեր, այն ել վոչ խոշորներից, հայ ժողովրդի համար նույն այդ անձը պարսկական պաշտոնյա լինելուց շատ ավել եր։ Նույն պարսից կառավարության համար Վրաստանի թագավորները թագավորներ չեյին, այլ լոկ պարսկական պաշտոնյաներ, խաներ, սակայն այս չեր խանգարում, վոր վրաց ժողովուրդն ընդունե նրանց իբրև իր ազգային թագավորների։ Այսպես և հայ ժողովուրդը։ Պարսից Շահերի ֆիրմանները չեյին որենք նրա համար, այլ իր սովորույթի դարավոր կարգը։ Հայ մելիքները նրա համար գյուղական ավելի ևս մանրացած արքայիկներ եյին, վորոնք մի փոքր գավառի կամ գավառակի ներքին ժողովրդական ինքնավարությունն եյին մարմնացնում։ Յեվ սովորույթը մեծ ուշադրություն եր նվիրել այդ արքայիկների դինաստիական շահերին։ Հաստատված եր ժառանգության պարզ կարգ, վորի մեջ ցոլանում եր հին նախարարական սովորույթը.

  1. Անդ, յեր․ 790․