Էջ:Khoja Capital.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թոռներից մեկը, մի՞թե այն միայն, վոր նա վաճառական եր։ Բայց մենք շարունակ տեսանք, վոր հայ ազնվականն ինքն ել վաճառական եր և նրա համար սովորական եր կալվածատեր պարոնից դառնալ վաճառական պարոն:

Արդ` վոչ մի հիմք չկա չընդունելու Որիի ծագումը Պռոշ իշխանից։ Հայտնի յե, վոր այս Պռոշը Խաչենի իշխաններից եր, Խաղբակյան տոհմից, վոր տիրում եր Գանձասարից դեպի հարավ տարածված լեռնաստանին (Հավապտուկ և այլև)։ 13-րդ դարում, թաթարների ժամանակ, Խաղբակյաններն իրանց հավատարիմ ծառայությամբ յերկրի այդ նոր տերերին, ազդեցիկ դեր եյին կատարում, և Վասակ իշխանը իր տիրապետության տակ եր առնում Վայոց Ձորի (Դարալագյազի) մի մասը, այդտեղից մատնում եր Բջնի և կառուցանում եր Կեչառուքի գեղեցիկ վանքը։ Նրա վորդին Պռոշն եր, իր քաջություններով հռչակավոր զորավար, վորից ինչպես ասում ե ժամանակագիրը, դողում եյին թշնամիները։ Սա շինեց Գեղարդի վիմափոր վանքը, բայց ինքը թաղվեց վոչ թե այդտեղ, այլ Կեչառուքի վանքում։ Իսկ տոհմային կալվածները, ընդլայնվելով, դուրս եյին գալիս Դարալագյազի սահմանից և տարածվում եյին հարևան Ճահուկ գավառի Շահապոնք գավառակը։ Այս ել դառնում եր Պոոշյան տոհմի բնակավայրը[1])։ Մեծ աշխարհաքանդության դարերը, ինչպես տեսանք, մանրացրին ամեն ինչ։ Մանրացավ և Պռոշյան տոհմը: Որիի հայրը մելիք եր, փոքրիկներից, կոչվում եր Իսրայել, և Որին ինքն ել խոստովանում եր, թե գյուղում իր ունեցածը մանր կալվածներ են[2]

Արդ` ընդունելով Շահապոնք ավանը կամ նրա մերձակա մի այլ գյուղ իբրև ծննդավայր Որիի, մենք դրա հետ ձեռք ենք բերում և յերկու կարևոր իրողություններ, վորոնք կարող են բացատրել այդ մարդու կյանքի մի քանի հանգամանքները։ Առաջինն այն ե, վոր 17-րդ դարում Շահապոնքը հայ կաթոլիկների կամ ունիթորների գլխավոր կենտրոններից մեկն եր, և ամենայն հավանականությամբ ինքն Որին ել մեկն եր այդ ունիթորներից և հենց այս հանգամանքի հետևանքով եր, վոր մտավ Հակոբ կաթողիկոսի պատվիրակության մեջ` Հռոմ գնալու համար։ Նույն այս հանգամանքով ե բացատրվում և այն համառ անվստահությունը, վորով հայ լուսավորչական բարձր հոգեվորականությունը

  1. Ալիշան - «Սիսական» յեր. 479. 481.-42. և նույնի «Այրարատ», Արեվելյան հինգ գավառի նկարագություն:
  2. Эзов с. 193.