Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Միանգամայն հասկանալի յե դառնում, թե ինչու Իսրայել Որին Վերսայլի պալատի վոտքն եր գնացել անմիջապես։ Լուի 14-րդը շատ լավ եր ճանաչում Նախիջևանի խանության մեջ ապրող հայ ունիթորներին, շատ սիրաշահել ու փայփայել եր նրանց իր հովանավորությամբ:

Որին՝ մեկն այդ ունիթորներից, գուցե անզուգական: Իսկ նրանց մեջ իր նշանավոր տոհմային ծագումով, անշուշտ իրավունք ուներ կարծելու, թե Լուին կընդունի և ուշադրությամբ կլսե իրան: Յեթե իր տոհմային արժանիքների մեջ չափազանց սովորական բաներ պիտի համարվեյին նախնիքների քաջության դեպքերը, կար Պռոշյան տոհմին պատկանող մի գրեթե բացառիկ գիրք, վոր սրբազան, նվիրական նշանակություն ուներ - նահատակություն քրիստոնեյական հավատի համար։ Յեվ որին արծարծում եր այդ տոհմային նվիրական պարծանքն ամեն տեղ, ուր պիտի ներկայացներ իրան։ Նա ասում ե, թե Պռոշ իշխանի հաջորդներից յերեքը նահատակվել են հավատի համար, և այդ հատկությունը բերում հասցնում եր մինչև իր հորը, ասելով, թե «իր հայրն իսկ, Մելիք Իսրայել, թունավորվել ե Պարսիկ ծեսերուն համաձայն կրակը պաշտել մերժելուն համար[1]»), մի բան, վոր արդեն կատարյալ յեղջերվաքաղ եր և յեթե կարող եր վորևե ապացույց դառնալ, այդ միայն այն բանի, վոր այս խոջան, իրան լսողների անգիտությունը շահագործելու համար, ընդունակ եր հնարելու ամենաաղաղակող ստություններ:

Այս միայն խոջայական հատկություն չեր, այլ նույնիսկ ավելի մեծ չափերով տված եր և դիվանագետներին։ Յեվ Որին միացնում եր իր մեջ խոջային և դիվանագետին: Վերջին արվեստի մեջ նա նույնիսկ մեծ ճարպիկություններ եր ցույց տալիս, քան վաճառականության մեջ։ Նստած իր խանութում, նա հերյուրում եր դիվանագիտական հնարավորություններ, թե ինչպես կարելի կլինի իրագործել արդեն Հայաստանում (գլխավորապես Եջմիածնում) արծարծված հիմնական գաղափարը, այն ե՝ անկախ թագավորության վերածել լեռնային Ղարարաղի մանր կալվածատիրական կամ մելիքական ցանցը։ Յեվ արդեն կազմել եր իր ծրագիրը, այժմ ել աշխատում եր մտցնել այն կյանքի մեջ և հենց այս ակնկալությամբ ել ուղղել եր իր հայացքը դեպի Լուի 14-րդի ոսկեճաճանչ արքունիքը։

  1. Մոռիս Մյուռե: