Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայությանն ընդունվեցավ։ Ժան-Կիյեոմ (Հովհան-Վիլհելմ) իշխանը, Վիդդելսպախյան տունեն, այն ատեն իբր քառասուն տարեկան մարդ մըն եր, քաջառողջ և կորովի, շատ փառասեր և շատ պերճասեր։ Իսրայել Որիի առաջին խոսքերեն հմայվեցավ։ Հնարամիտ հայը հոգ տարավ զինքը այդ լավ տրամադրության մեջ պահելու: Ճարտարորեն կշողոքորթեր Ժան-Կիյեոմը, անոր աչքին կշողացներ արքայական թագ մը, հավաստելով թե ծրագրյալ խաչակրությունը «Բալատինյան տան փառքը Յեվրոպայի բոլոր գերդաստաններեն վեր պիտի բարձրացներ»: Որի, ավելորդ ե ըսել, պատմեց ի մեծ ամոթ Լուի 14-րդի՝ այդ վեհապետին ցույց տված մեղսապարտ անտարբերությունը։ «Աստծո մատը կա այստեղ, ըսավ։ Ասոր վրա Ֆրանսիայեն մեկնեցա և յեկա Բալատինա հաստատվեցա։ Ջղջալու պատճառ չունիմ ասոր համար, ընդհակառակը։ Ուստի համոզված եմ վոր Աստված ղրկեց իս հոս։ Այսպիսի դեպք մը պատահած եր Քրիստափոր Գոլումպոսին։ Այդ մեծանուն նավարկուն ալ ութ տարի անցուց Ֆրանսիայի արքունիքը, խնդրելով վոր նավ մը նվիրեն իրեն, վորով պիտի յերթար տիրեր նոր աշխարհի մը, վոսկիի և արծաթի հանքերով հարուստ։ Մտիկ չըրին զինքը։ Գոլումպոսը, վհատած Սպանիա անցավ, ուր փութացին իր խնդիրքը կատարել: Ձեր բարձրության ծանոթ են բոլոր բարիքները, վոր Սպանիա քաղեց այս վեհանձնութենեն։ Կը հուսամ վոր նման որինակ փառք մը որ մը բաժինը պիտի ըլլա Բալատինյան տան, յեթե ձեր բարձրությունը հաճի խորհուրդներուս անսալ»։

«Որի մռայլ գույներով նկարագրեց իր հայրենակիցներուն կրած տառապանքները իրենց կրոնքին պաաճառով։ Բայց հավաստեց, վոր հայերն ազատելներուն պես սիրահոժար պիտի ընդունեյին կաթոլիկությունը։ Այս խոստումը մեծ կշիռ մը ունեցած ըլլալու յե Ժան-Կիյեոմի մտքին մեջ։ Ինքը արդարև թունդ կաթոլիկ եր և իր այս նախանձախնդրությունը մինչև իսկ զինքը .շատ առաջ տարած եր յերբեմն։ Քանի քանի անգամ բողոքական յեկեղեցիներ քմահաճորեն՝ կաթոլիկներու հանձնած եր և կողոպտած եր իր յերկրին բողոքական հասարակությունները, այնպես վոր բողոքականները խմբովին գաղթած եյին իր իշխանության որով»[1]։

Մյուռեյի ներկայացրած այս տեսարանը վկայում ե, վոր Որիին տված եր մի լեզվային կարողոթյուն դեմոնական չափով։ Բայց սխալ կլիներ կարծել, թե Որիի լեզուն կարող եր այդքան թովիչ լինել Հովհան-Վիլհելմի համար։ Յերկուսին ել, թե հայ խոջային և թե գերմանացի իշխողին թովողը ժամանակն ինքն եր։ 1697 թվի սեպտեմբերի 11-ին Տեսրա գետի ափին, Զենտա գյուղի մոտ ավսարիական բանակը, Եվգենի Սավուացու հրամանատարությամբ, սարսափելի ջարդ տվեց թյուրքական բանակին. 20 հազար թյուրքեր սպանվում եյին, 10 հազար խեղդվում եյին գետի մեջ, մնացածները փախուստի եյին դիմում։ Այս պարտությունը կատաստրոֆիկ նշանակություն ունեցավ Յեվրոպայում չափազանց ընդարձակված ոսմանյան կայսրության համար։ Ամենուրեք տարածվում եր լքում և հուսաբեկում։ Թյուրքերը կարծում

  1. «Նոր կյանք», յեր. 280.