Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3.

Զանտայի հաղթությունից հազիվ յոթն ամիս անցած, 1698-ի մայիսին, Հովհան-Վիլհելմը նամակ եր գրում «Հայաստանի իշխաններին և տերերին» և մեծամեծ գովասանքներ անելով Որիի վերաբերմամբ, հանձնարարում եր կատարյալ վստահություն ունենալ դեպի նրա առաքելությունը, վոր նա կատարում եր իր, կուրֆյուրստի պատվերով և հավատալ նրա խոսքերին ու խոստումներին։ Որին շտապեց ճանապարհ ընկնել այս թղթերով դեպի Հայաստան և կարողացավ ի կատար ածել իր ցանկությունը միայն Զանտայի տարելիցին, 1698-ի սեպտեմբերին, յերբ ուղի ընկավ Դյուսելդորֆից, թեև այդ ժամանակ դեռ չեյին ել սկսվել հաշտության բանակցությունները Կարլովիցում և Թյուրքիայի վրայով դեպի Արևելք տանող ճանապարհներն ազատ չեյին։

Այս ամբողջ ձեռնարկության պատմությունը, տարաբախտաբար մի միակ աղբյուր ունի, և այդ՝ հենց ինքն Որին ե՝ թե իր անունից և թե «Հայաստանի իշխանների և տերերի» անունից գրած նամակների մեջ, իսկ այս նշանակում ե, թե մենք յերբեք չպիտի իմանանք իսկական ճշմարտոլթյունն իր բոլոր կողմերով։ Որին նպատակ ե ունեցել հաճելի ընթերցանություն մատակարարել իր տիրոջը, պատմելով նրան ճանապարհորդական արկածներ և պաշտամունք դարձնելով նրան Հայաստանի մեջ։ Փառաբանելով կուրֆյուրստին իբրև Հայաստանի թագավորության հեղինակի, նա պակաս չափով չեր փառաբանում և իրան, պատմելով իր առավելություններն, իր մեծ հեղինակությունը Հայաստանի իշխանների և տերերի մեջ, այնպես վոր միանգամայն հասկանալի յեր դառնում, թե յեթե կուրֆյուրստը անկարող լիներ միաժամանակ թագավորել թե Հռենոսի ափերին և թե Ղարաբաղի լեռներում, պատրաստ եր թագավորացու այս վերջին յերկրի համար, և դա հենց ինքն՝ Որին եր։

Յերկար և բարակ մանրամասնություններով նա նկարագրում եր իր ճանապարհորդությունը մինչև Կ. Պոլիս Միայն Կարլովիցի հաշտությունն ստորագրելուց հետո (1699 հունվար ) եր, վոր նա կարողացավ իբրև ֆրանսիացի մտնել յեվրոպական Թյուրքիա։ Այնքան կատարյալ կերպով եր նա իրան ցույց տալիս ֆրանսիացի, վոր, ասում եր, անգամ ֆրանսիական դեսպանը չկարողացավ իմանալ, չնայած իր թխության, վոր ֆրանսիացի չե ինքը: Մենք գիտենք, սակայն, վոր Որին այդպիսի տպավորություն թողնել կարող եր լոկ իր խոսակցական լեզվով։ Բայց