Էջ:Khoja Capital.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Որին փորձեց խնդրել ունկնդրություն Պետրոս թագավորի մոտ, բայց չստացավ։ Քաղաքական մոմենտը անհարմար հանդիսացավ Որիի բանակցությունների համար նաև Մոսկվայում: Յեթե արևմուտքում պատերազմ կար սպանիական ժառանգության համար, այստեղ, հյուսիսում ել, բորբոքվել եր մի պատերազմ՝ մի կողմից Շվեցիայի և մյուս կողմից Ռուսաստանի, Լեհաստանի և Նորվեգիայի մեջ, վոր հենց այդպես ել կոչվեց - «Մեծ հյուսիսային պատերազմ» և տևեց 21 տարի (1700 — 1721): Այս պատերազմը Ռուսաստանի վերանորոգիչ Պետրոս Մեծի համար կյանքի և մահվան չափ կարևորություն ուներ, վորովհետև այդ պատերազմի հետ եր կապված Ռուսաստանի համար կարևորագույն տնտեսական-քաղաքական շահը հանել Շվեցիայի տիրապետության տակից Բալթիկ ծովի արևելյան ափերի մի մեծ հատվածը և այդպիսով ամբողջացնել մեծ ջրային ճանապարհի, իբրև միջազգային առևտրական յերակի դիրքը։ Հեշտ չեր այս նվաճողությունը, վորովհետև Շվեցիան ժամանակի ուժեղ պետություններից մեկն եր և գերազանցում եր Ռուսաստանն իր մշակութային զարգացմամբ, և Պետրոսը պատերազմի սկզբում պարտություններ եր կրում շվեդացիներից, բայց չեր հուսահատվում, այլ, ընդհակառակն, ասում եր, թե հետամնաց Ռուսաստանը պարտությունների միջոցով պիտի սովորե պատերազմելու յեվրոպական յեղանակները։ Իսկ սրա համար հարկավոր եյին բարենորոգումներ և վերակազմություններ, վորոնց և ամենայն յեռանդով նվիրված եր վերանորոգիչ ցարը։

Շատ հասկանալի յե, վոր այնպիսի արտակարգ կարևոր հանգամանքների մեջ Որին, ունենալով հանդերձ կուրֆյուրստի, Լեոպոլդ կայսրի և Լեհաստանի թագավորի հանձնարարականները, շտապ կարգով չեր ընդունվում ցարի ունկնդրության, մանավանդ, վոր նրա դիվանագիտական առաքելությունը արտակարգ բնավորություն չեր կրում։ Այս պատաճառով ռուսաց կառավարությունը վճռեց նախապես մանրամասն և հանգամանորեն հարցուփորձերի միջոցով իմանալ, թե ի՞նչ են ուզում հայերը: Պետրոսի ուշադրությունից՝ բազմաթիվ ծանր զբաղմունքների մեջ՝ չխուսափեց այն հանգամանքը, վոր իրան խնդիրք ուղարկողները, իրանից ոգնություն և ազատություն աղերսողները հայերն են, վորոնց նա լավ ճանաչում եր իբրև ընդունակ վաճառականների, վորոնք այնքան ազդեցիկ դիրք ունեն Պարսկաստանում և Թյուրքիայում։ Հայ խոջայական կապիտալը դեպի Ռուսաստան գրավելու համար նա չեր խնայել թույլատվություններ և