արտոնություններ, մինչև իսկ պարսկական առևտրի համար հաստատել եր ճանապարհ Աստրախան-Արխանգելսկ և այժմ ել պատերազմում եր՝ այդ ճանապարհը կրճատելու և ավելի հարմար դարձնելու համար։ Արդ՝ նույն այն խոջաները, վորոնք Մոսկվա եյին գալիս արտոնությունների համար, հրավիրում եյին նրան իրանց յերկիրը գրավելու, աղաչում եյին հանուն քրիստոնեյության ազատել իրանց «անհավատների» լուծից։
Մանավանդ այս աղաչանքները, այս քրիստոսասիրական մրմունջները Պետրոսի համար այնպիսի բաներ չեյին, վորոնց կարելի լիներ արհամարհել։ Նա հիմնում եր մի իմպերիալիստական կայսրություն, նրա հիմքում դնելով քրիստոնյա ժողովրդների տանջանքների շահագործումն իբրև նվաճողականության հատու զենք և արդեն ինքն իսկ Բալկանյան թերակղզու քրիստոնյաների մեջ իրան հայտարարում եր իբրև նրանց ազատարարը թյուրքական լուծից։ Ռուսական իմպերիալիզմի այս ամենախոշոր առանձնահատկությունը դեռ իր ամենավաղ մանկության հասակից եր լսում հայերի քրիստոսասիրական պաղատանքները, այն ել Կասպից ծովի ափերից, վորոնք Պետրոսի վաճառականական յերազն եյին կազմում և վորոնք իրանց հերթին եյին սպասում՝ Բալթիկ ծովի ափերի նման ցարական կայսրության մասնիկ դառնալու համար։ Դեռ հյուսիսի գործը չվերջացրած, ռուսական իմպերիալիզմը յերեսը դարձնում եր դեպի հարավ, վորպեսզի դեմաւդեմ հանդիպի դեպի իրան յեկող հայ կղերական դիվանագիտության։
Այս հանդիպումը մի պատահականություն չեր, անցողական մի յերևույթ։ Այս հաստատ հիմնավորված սկզբնավորություն եր դարավոր մի անփոփոխության, վոր պիտի կլաներ հայ ժողովրդի կյանքն ամբողջովին, մինչև վոր չվերջանար 1915-1920-ի կատաստրոֆով։ Պետրոսը «մեծ» կոչված իր իսկապես մեծ գործունեությամբ, հայ կղերական դիվանագիտությունն իր ձեռքից բաց թողնողը չեր և վերջինս ել իր հերթին ցարականությունից ձեռք վերցնելու կարողությունից ընդ միշտ զրկեց իրան։ Յեվ առաջին իսկ ողջույն-բարեվից վորոշվում և անշարժանում եյին, ամբողջ յերկու դարի համար, փոխադարձ հարաբերությունները յերկու կողմերի մեջ: Պետրոսը, մեծ գործիչ, բայց և մեծ բռնակալ, կոպիտ, գրեթե վայրենի վարք ու բարքով, վոր Արևելքի մեծ բռնակալների նման կանգ չառավ նույն իսկ իր հարազատ վորդու մահացման վոճիրի առաջ, վոչ մի զսպանակ չեր ճանաչում մանավանդ դիվանագիտության մեջ, և խաբել, ստել, դավաճանել նույն իսկ ամենաստոր