Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցներով, նրա համար ավելի սովորական ու թույլատրելի բաներ եյին, քան ուրիշ դիվանագետների համար։ Իսկ ցարականության այս ամենացայտուն արտահայտիչի առաջ՝ հայ կղերական դիվանագիտությունը - աղաչավոր, քծնող, ստորաքարշ, կամ արտահայտվելով մի հատ բառով - ցարապաշտ։

Հետևենք այն բանակցություններին, վորոնք սկսվեցին ռուսաց կառավարության և Որիի մեջ՝ վերջինիս Մոսկվա ժամանելուց հետո անմիջապես, և մենք նրանց մեջ կտեսնենք արդեն իսկ սկիզբ առած այն մշտնջենական անփոփոխականությունը, վոր մենք շեշտեցինք վերևում իբրև ճակատագրական հատկանիշ հայ ազատագրական շարժման ամրոցի տևողության ընթացքում։

2.

Չստանալով ունկնդրություն՝ անձամբ ցարին բացատրություններ տալու համար, Իսրայել Որին հուլիսի 14-ին ինքն եր բաց անում գրավոր բանակցությունները, դիմելով Պետրոսին մի աղերսագրով, վորի մեջ նախ իր շնորհակալությունն եր հայտնում այն գեղեցիկ ընդունելության համար, վորին արժանացան Մոսկվայում թե՛ ինքը և թե՛ իր հետևորդները և ապա դիմում եր իր առաքելության նպատակին։ Այստեղ ահա Որին հանդես եր բերում նոր, միջավայրին հարմարեցրած դիվանագիտական մի յելույթ, վորի մեջ արմատական փոփոխության եր յենթարկվում և այն խաչակրական արշավանքի պատկերը, վորի մանրամասնություններն այնպիսի խնամոտ ճարպիկությամբ նա մշակել եր Պֆայլցի կուրֆյուրստի գործադրության համար: Այժմ, բնականաբար, դերերը փոխվում եյին, և գործադրողի պատիվը Հովհան-Վիլհելմից անցնում եր Պեոտր Ալեքսեևիչին։

«Յեկանք մենք այստեղ - ասում եր Որին այդ աղերսագրի մեջ, - վորպեսզի ընկնենք ձեր արքայական մեծության վոտները, և մեզ այստեղ ուղարկողների կողմից խնդրենք վողորմություն ոգնելու մեր խղճուկ ժողովրդին, վոր սաստիկ տանջվում ե անհավատների բռնության տակ: Չենք կասկածում, վոր ձեր արքայական մեծությանը հայտնի յե, թե հայոց յերկրում սրանից առաջ, հին ժամանակներում, յեղել են թագավորներ և քրիստոնյա իշխաններ, բայց հետո, նրանց անմիաբանության պատճառով տեղի ունեցավ այն, վոր հայոց այդ ամբողջ թագավորությունն ընկավ անհավատների լծի տակ: Յեվ ինչպես Ադամի վորդիները հուսով սպասում եյին Մեսսիայի գալստյան, վոր պիտի ազատեր նրանց հավիտենական մահից. այնպես ել այս խեղճ ժողովուրդը միշտ ապրել ե և այժմ ապրում ե այն հուսով, թե ոգնություն կստանա ձեր արքայական մեծությունից: Նրա մեջ կա մի նախագուշակություն, թե վերջին ժամանակներում անհավատները կդառնան խիստ կատաղի և կսկսեն հարկադրել քրիստոնյաներին ընդունել իրանց ամենագարշելի որենքը, և այն ժամանակ կգա Մոսկվայի ոգոստափառ տանից մի մեծ իշխան, վոր Ալեքսանդր Մեծից ել