Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրություններով հիշեցնում եր բոյարին Գոլովինին իր ներկայությունը Մոսկվայում, մերթ խնդրելով, վոր իրան ընդունվի զինվորական ծառայության մեջ, մերթ առաջարկություն անելով, վոր իրան թույլատրվի մարդ ուղարկել կուրֆյուրստի և մելիքների մոտ։

1702 թ. մարտ ամսին Պետրոսը հրամայեց նորից հուսադրել Որիին, թե շվեդական պատերազմը աջողությամբ վերջացնելուց հետո, ինքն անպատճառ իր ձեռքը կառնե այն գործը, վորի համար ուղարկված ե նա։ Այս մի հաղթող թագավորի հաստատ խոստումն եր, վոր ամենից առաջ ազատում եր թե իրան, Որիին և թե մանավանդ նրա սրտակից կուրֆյուրստին ծանր, համարյա անիրագործելի հոգսերից, վորոնք կապված եյին միջին յեվրոպական մի խաչակրային բանդագուշանքի հետ: Ռուսաց ցարն իր խոստումը կկատարեր իր սեփական միջոցներով, և մեկն այլևս չեր մտածի իր զորքերը մի հեռավոր արկածախնդրության մատնելու, մյուսն՝ այդ բանի համար ահագին գումարներ գտնելու մասին։ Հասկանալի յե, թե վորքան մեծ պիտի լիներ նրանց ուրախությունը։ Դեսպանական Պրիկազում Որին և Մինաս վարդապետը, լսելով ցարական հուսադրումն, «արտասվելով խոնարհ շնորհակալություն հայտնեցին, - ասված ե պաշտոնական թղթի մեջ, - նորին ցարական մեծության, վոր նա չմերժեց իրանց խնդիրքը, այլ թագավորական խոսքով և խոստումով հաստատեց և ուրախացրեց իրանց»[1])։ Այս ուրախությունն Որին շտապեց հաղորդել Պֆայլցի կուրֆյուրստին, նրա մոտ ուղարկելով իր Թարգման Նազար Որեխովիչին։ Կուրֆյուրստն ել, իհարկե, պարտքի տակ չմնաց, և նույն տարվա աշնան Որին ստացավ նրանից մի նամակ, լեփ լեցուն բարեկամական զեղումներով, բարյացակամ մաղթանքներով, հուսադրություններով, խոստումներով և այլն և այլն։ Այդ պալատական սնամեջ շողոքորթություններով մենք, հասկանալի յե, զբաղվել չենք կարող։ Մեր առջև կա մի ավելի հետաքրքրական գործ, վոր սկսեց Որին:

Նույն ցարական «վողորմած» խոստումը նա հաղորդում եր և Ղարաբաղի մելիքներին մի հատուկ սուրհանդակի ձեռքով, վորի անունն եր Միրոն Վասիլիեվ։ Այս Միրոնը հայ եր, 30 տարուց ի վեր բնակություն ուներ Մոսկվայում, ընտանիքի տեր եր, ծառայել եր ռուսաց զորքի մեջ, ստացել եր կապիտանի աստիճան։ Այս բոլոր հանգամանքները Որիի համար յերաշխիքներ եյին, թե Միրոնը հավատարմությամբ, զգուշավոր գաղտնապահությամբ կկատարե

  1. Эзов, с. 111