Էջ:Khoja Capital.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարե իր փափուկ պաշտոնը։ - 1702-ի ապրիլին նա գնաց Աստրախան կարևոր թղթերով և ափ յելնելով կասպիական նավահանգիստներից մեկում, գնաց դեպի յերկիր, ուսկից վերադարձավ 1703 թվին:

3.

Միրոն Վասիլևի ճանապարհորդությունը կատարվում եր այնպիսի մի ժամանակ, յերբ ամենից լավ կարելի յեր տեսնել, թե ինչ իրավական և նյութական ույժ եր ներկայացնում այն յերկիրը, վորի անունից այնքան վեհորեն, այնպիսի սնապարծ հոխորտանքներով խոսում եր Իսրայել Որին իր թղթերի և բանակցությունների մեջ: Մենք ունենք նույն այդ տարվա (1702) նկարագրությունը, վոր շատ մռայլ գույներով արել ե ականատես Յեսայի Աղվանից կաթողիկոսը: Վերևում մենք բերինք նրա նկարագրությունից մի կտոր, վոր ցույց ե տալիս, թե ընդհանուր հարկահավաքի համար ինչ պատրաստություններ եր սկսում պարսից կառավարությունը Շահ Հյուսեյին-Սուլթանի հրամանով 1699 թվականից, այսինքն այն իսկ ժամանակից, յերբ Իսրայել Որին Անգեղակոթում ժողով եր անում Հայաստանի ազատության շուրջը խորհրդակցություն ունենալու համար: Ինչպես տեսանք, այդ պատրաստությունն իսկ, վոր արտահայտվում եր մարդահամար կազմելու մեջ, արդեն իսկ մի ժողովրդական աղետ եր։ Բայց ահա 1701-ին վերջ են ստանում բոլոր նախապատրաստությունները և հաջորդ տարվանից սկսվում ե բուն հարկահավաքությունը, վորի սարսափները ներկայացնելու համար խոսքը տալիս ենք նույն Յեսայի կաթողիկոսին.

«Ապա ել, ասում ե նա, - մեծ վեզիրն Ատրպատականի, որոյ անունն էր Միրզաթահիր, 1100 արամբք և եկն յերկիրս Ղարաբաղու և ի Գանջայ քաղաք և սկսաւ առնուլ յոյժ աւելորդօք քան զգրեալն: Եվ ցրուեցան զօրքն ընդ երկիրս և ընդ գիւղօրայս ի թիւ արկեալ գրովն և քանզի յոյժ ծանր եր լուծն, և ոչ կարէին առնել, վասն որոյ չարչարէին, կեղեքէին և ջարդելով առնուին ըստ չափու իւերանց ի փոքունցն փոքր, զի գեղն 150, 100 կամ 50 թուման և յոյժ փոքրն 30 կամ ի 40 թումանի չէր պակաս: Նույնպէս ի վաճառականաց յամեն այն արուեստաւորացն առին, և այսպէս ամի ամի զգլուխսն համարէին և հարկահանքն եկեալ ճշտիվ առնուին: Յետ այսորիկ միւս ևս կերպիւ հարկս եդին և անուանեցին զայն ապիքուրան. դարձեալ միւս ես եդին զայն ասացին շահզատի ախլաջաթ, միւս ևս յաւելին և անուանեցին և զայն երեքպատկեցին և դարձեալ կրկին ևս եղև հրաման ելանել և գրել զամենայն սահմանաց երկրի գիւղօրէից և ազարակաց, զհող, զջուր, զայգի, զանդաստան, զծառ, զտունկ և զամենայն ինչ, որ պիտոյ է մարդկանց, առհասարակ զամենայն գրեցին թէ՛ հայոց, և թէ այլազգեաց