Էջ:Khoja Capital.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ մի մարդկային փաստագիր, չափազանց կարևոր հայ հասարակական մտքի զարգացման պատմության համար, վորովհետև սա հրապարակի մեջ յերևան ե գալիս իբրև հայ հասարակական մի նոր կաթեգորիայի անդրանիկ ձևավորում։ Ցեվ ահա ինչպես։

Մենք տեսանք, վոր 17-րդ դարի յերկրորդ կեսից սկսվում ե մի տեսակ մտավոր շարժում, վորին կարելի յե տալ վերածնություն անուն։ Վերածնվողը միջնադարյան կղերայնությունն եր, բայց նրան քաշողն ու դրամավորողն առևտրական կապիտալն եր, վոր և հրում եր նրան դեպի աշխարհականացում։ Այս պրոցեսի մեջ առևտրական կապիտալը չեր կարող լոկ մեքենայի դեր կատարել, այլ ինքն ել յենթարկվում եր կերպարանափոխության, ինքն ել յուրացնում եր մտավորական շահեր, մնալով, իհարկե, աշխարհականության հողի վրա։ Այս կերպով առևտրական բուրժուազիայի մեջ հետզհետե գոյանում եր մի նոր տրոհում-մտավորականություն։ Մենք ունենք այսպիսով մի նոր հասարակական շերտավորում-բուրժուական ինտելիգենցիա։

Մենք ունենք նույն այդ 17–րդ դարի յերկրորդ կեսում այդ նոր ծնվող շերտավորման յերկու խոշոր և անդրանիկ նախատիպերը, վորոնք և ներկայացնում են ինտելիգենտական մտքի յերկու տարբեր և խիստ բնորոշ բնագավառները։ Այդ նախատիպերից մեկը տալիս ե արևմտահայությունը-Յերեմիա Չելեպի Քյոմուրճյան (Կ. Պոլսում), իսկ մյուսը-արևելահայությունը– Իսրայել Որի։ Յերկուսի մեջ կա այն նմանությունը, վոր յերկուսն ել մի արգանդից են - առևտրական կապիտալից։ Քյոմուրճյանը, թեև քահանայի վորդի և ինքն ել հոր ձեռքով քահանայության պատրաստված եր, բայց մեծացել և սնվել եր իր մորեղբոր խնամակալության տակ, ուր արդեն ամիրայական կապիտալն եր միջավայր կազմողը։ Իսկ Որին ինքն իսկ արևելյան (խոջայական) կապիտալի գործիչներից մեկն եր։ Հետո այդ յերկուսին ել վոգևորող գաղափարը միևնույնն եր-հայրենասիրությունը կամ, ավելի ճիշտ ասած, ազգասիրությունը, ինչպես վոր այն ժամանակ արդեն կազմակերպված և գործածական ե այս բառը, վոր փոխարինում ե հայրենասիրություն հասկացողությանը, քանի վոր հայությունը ցրված ե ամեն տեղ, հետևաբար նրա համար հայրենիք ե և ամեն մի ոտար յերկիր, ուր նա հաստատվում եր բնակվելու համար։ Այդ ընդհանուր գաղափարն ել-ազգասիրությունը-տեսնում ենք, վոր բուրժուական ինտելիգենցիային տարբեր գունավորումներ եր տալիս` հանձին հենց այս յերկու նախատիպերի։