Էջ:Khoja Capital.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


18–րդ դարի վերջին քառորդի մեջ և ավելի լայն ծավալ եր ստանում 19-դի մեջ, առաջ բերելով մեծամեծ հասարակական շարժումներ, մեծամեծ՝ վոչ միայն մայրաքաղաքի գաղութային չափանիշով, այլ և ընդհանուր թյուրքահայկական, անգամ համահայկական չափանիշով։

Այս դասակարգային պայքարումը, չափազանց ինքնուրույն այն տեսակետից, վոր տեղի ուներ բացառապես ազգային հողի վրա, քանի վոր չկար մի այլ հող, վոր կարողանար արգասավորել նրան իր մեջ, առաջին յերևույթն ե հայության մեջ և յեթե պատկանում ե ամբողջովին Կ․ Պոլսի հայ գաղութին, այս այն պատճառով ե, վոր այստեղ եր հայ ամիրայության աթոռանիստը։ Ամիրայական դաժան դաստիարակությունն այնպես չեր վոր այդ շարժման մեջ լիներ քաղաքական տարր, հակաթյուրք կամ հակաիսլամական բովանդակությամբ։ Ընդհակառակն, յերբ թյուրքն ասում եր «հավատարիմ ժողովուրդ», ամենքը հասկանում եյին, վոր այդ հայ ժողովրդի հատուկ անունն ե։ Յեվ այդ անունն ամիրայությունը պահեց հայ ժոդովրդի վրա մինչև իր, իբրև դասակարգի անկումը։ Մնում եր ուրեմն, վոր հասարակական շարժումն իր համար ուղիներ բաց աներ, ինչպես ասվում ե, նվազագույն դիմադրության կետեր ներկայացնող գծերով։ Պայքարումը միանգամից չծնվեց և նրա համար պատրաստի ձևեր չկային, վորպեսզի նրանց մեջ մտներ։ Հասարակական յերևույթները պատրաստվում են յերկարատև ժամանակում։ Մեր այս դեպքում ել անհրաժեշտ եր գաղափարական խմորում, և արևմտահայերի մեջ այդ խմորումն ընդունում ե գերազանցորեն գրական արտահայտություն, վոր և մշակում եր ինքնուրույն դպրոցը։ Չկարողանալով ազատվել նախկին յեկեղեցական-աղանդավորական կապանքներից և մնալով գլխովին գերի լուսավորչական ուղղափառության, այդ դպրոցը, այնուամենայնիվ, առաջադիմություն եր իբրև աշխարհական կրթված անհատների, ինտելիգենցիայի վերաբերմունք դեպի հասարակական բարիքը, իբրև դատապարտություն վայրենացած բարքերի և կոպիտ հարստահարությունների։ Այս, իհարկե, իր եյությամբ պայքար եր յերկու տիրող դասակարգերի—ամիրայության և հոգևորականության դեմ։ Բայց այս չեր նշանակում անողոք կռիվ մինչև յերկու դասակարգերը վերացնելը. Ընդհակառակը յերկուսի մնալն անհրաժեշտ եր համարվում միայն թե բարեփոխված։ Այս նպատակով եր, վոր այդ արևմտահայ գրական դպրոցը կռթնում եր յեվրոպական լեզուների և գիտության յուրացման վրա։