Էջ:Khoja Capital.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ցաք ու ցրիվ, իրար հետ վոչ միայն չկապված, այլև հաճախ իրար հակառակորդ գավառակային, մելիքական զորախմբերի:

Այսպես եյին պատրաստվում պարագաները՝ ընդհանուր մի ռազմական նպատակ իրագործելու համար հեռաստաններ կազմող ճակատների վրա: Յեվ ալեկոծված ծովի նման տատանվող մահմեդական Արևելքն իր ահ ու սարսափով ժողովրդականացնում եր հայերի մեջ Վաղթանգի սկսած ձեռնարկությունը: Իզուր չեր Թիֆլիսի հայոց առաջնորդ Մինաս Վարդապետ Փարվեզյանը գրում Որիի ընկեր Մինաս վարդապետին.

«եւ Աստուած զարթոյց ազդիս քրիստոնէից զբարի հովիւն և զքաջայաղթ Վալին Վրացտանու, որ իւր խոհեմութեամբն և հանճարեղութեամբն հաւաքեաց զմնացեալ զցրուեալ ազգս հայոց և ի տեղիս տեղիս ամրացոյց և խնամարկեաց և եգ պահապան յամենայն ուրեք ի վերայ նոցա»[1]

Ուրիշ վերաբերմունք, դեպի այդպիսի մի խնամարկու գործիչ, վորպիսին եր Վախթանգը, չեր կարող լինել պարսկական Այսրկովկասի պես մի յերկրում, վորի վրա բացի պարսկական անկարգություններից, տասը տարուց ավելի յեր, ինչ բռնացած եր Դաղստանի մղձավանջը, և տարի չեր անցնում, վոր լեզգիական լավան չավերեր դժբախտ երկրի այս կամ այն մասը։ Այսպես, 1720-ին լեռնցիների մի հրոսակ, Սուրխայի առաջնորդությամբ, անցնելով Կախեթը, Թիֆլիսի մոտով մտնում եր Սոմխեթ, ավերակ եր դարձնում Լոռու ամբողջ ձորը, կոտորածներ անում և գերիներն ու ավարը Ղազստան ուղարկում: Միևնույն ամառը նույն Սուրխայը, միացած մյուս դաղստանցի հռչակված գիշատիչ Դոուդ բեկի հետ, պաշարում եր Շամախին, բայց, ներսից խիստ դիմադրության հանդիպելով, յետ եր քաշվում: Փորձը կրկնվում եր ճիշտ մի տարուց հետո, դարձյալ ոգոստոսին և այս անգամ պսակվում եր աջողությամբ: Մեծափարթամ առևտրական կենտրոնը հանկարծակիի յեր բերվում և ընկնում եր յերկու հռչականուն գիշատիչների ձեռքը: Այս ցնցող դեպքն եր, վոր հարկադրեց Պետրոս Մեծին վերջացնել շվեդական պատերազմը՝ հարավում ազատ ձեռքեր ունենալու համար։

Լուսացավ ամբողջ Պարսկաստանի, հետևաբար և նրա կովկասյան մասի համար չափազանց նշանավոր 1722 թվականը։ Վաղ գարնանից այդ պետության մեջ նկատելի եյին դառնում յերկու շարժումներ: Արևելքից առաջ եր խազում աղվանական բանակը, Միր-Մահմուդի առաջնորդությամբ, ուղիղ Սպահանի վրա։

  1. Эзов, ц. 336