Հայաստանի թագը։ Մնում եյին Մամիկոնյանները և նրանց կողմնակից նախարարները։ Տարոնը նույնպես հովտային տնտեսության աշխարհ եր։ Բացի դրանից, նրանց Սասանյաններից հեռացնում եր քրիստոնեյությունը, վորի պաշտպանն եյին և բնականաբար բյուզանդական մի կուսակցություն եյին Հայաստանում, ուր նրանց հավաքողը, նրանց գլուխը քահանայապետական դինաստիան եր։ Այս կուսակցությունն եր Հայ Արշակունիների բնական դաշնակիցը, միայն այն պայմանով, վոր թագավորական գահը հպատակեցվի քահանայապետության, և վերջինս ինի պետության ճակատագրի կարգադրիչը թե ներսում և թե դրսում։ Որինակը տվել եր Գրիգորը, առանց վորի խորհրդի և թույլտվության Տրդատ թազավորը քայլ չեր անում, և մենք արդեն տեսանք նույն Գրիգորին պետական հողերն աջ ու ձախ ընծայողի դերում, ինչ վոր մի ավատական յերկրի մեջ նշանակում եր լինել գերագույն իշխանավոր, հավասարազոր՝ թագավորին։ Այս դիրքը հատկացրին իրանց և Գրիգորի ժառանգները։ Տրդատի վորդի Խոսրով Կոտակի ժամանակ պետության տերն ու տնորենը Գրիգորի վորդի Վրթանես կաթողիկոսն եր։
Բայց Գրիգորի ժառանգների մեջ այս կողմից առանձնապես հռչակավոր ե Ներսեսը, վորին յերախտապարտ յեկեղեցին հատկացրել ե «Մեծ» տիտղոսը։ Այս անսովոր յեռանդոտ, համարձակ, իր կալվածական հարստությունների մեծ ուժով խրոխտ կղերապետը հանդիսացնում եր իրան մի յերկրորդ Գրիգոր, իր ձեոքի մեջ կենտրոնացնելով վոչ միայն յերկրի ներքին կառավարությունը, այլ և արտաքին հարաբերությունը, նրա ամբողջ դիպլոմատիան: Հողային հափշտակումների կողմից նա նույնիսկ գերազանցեց Գրիգորին, բաց անելով բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, կղերանոցներ և ապահովելով դրանց գոյությունը հողային անթիվ հատկացումներով։ Ձրիակերությունը դառնում եր պետական իդեալ։ Մարդիկ կային, վորոնք հասկանում եյին այդքան մեծ չափազանցությունների անթույլատրելիությունը, և այդ տեսակ մարդկանցից մեկն եր Հայր մարդպետը, վոր գնալով Աշտիշատ, հիանում ե այդ կալվածի գեղեցկության վրա և հայտնում ե Ներսեսին, թե վորքան վատ բան ե արել Տրդատ թագավորը, այսպիսի մի չքնաղ վայր նվիրելով «կանացազգեստ» մարդկանց, այսինքն՝ հոգևորականներին։ Հեզություն կամ խոնարհություն կեղծող կղերապետն իսկույն մտնում ե իր Քրիստոսի փեշի տակ և ասում ե՝ թե կալվածը յերբ իրանն ե, նշանակում ե թե Քրիստոսինն ե։ Հարցը, սակայն,