մի խոսքով վայելեն այն բոլոր բարիքները, վոր պատրաստ եր տալ «մեծ եփռայտօռը»։ Նկատել հեշտ կարելի յե, վոր հայ վաճառականին համոզում եյին իսկապես գաղթել այդ նոր տեղերը և վոչ թե առևտրական նպատակով գնալ գալ ունենալ։ Պետրոսի իսկական միտքն եր հայերով գաղթավորել կասպիական ափերը և սկսում եր այդ բանն այս գրավիչ հրավերով։ Իվան Կարապետի առաքելության իսկական նպատակն ել այն պիտի լիներ, վոր բերանացի բացատրություններով և գովաբանություններով ընդունելի դարձներ այդ հրավերը։
Բայց Պետրոսի առջև կար մի դժվարություն, վորը պետք եր հաղթահարել: Այդ հայրենի հողի ազատության հարցն եր, վորի մասին Պետրոսը հաստատուն խոստումներ եր արել դեռ Իսրայել Որիին, խոստումներ, վորոնք, սակայն, առանձին կարևորություն չունեյին, քանի վոր Լեռնային Ղարաբաղի նվաճումը չեր մտնում և չեր կարող մտնել նրա հաշիվների մեջ: Այսպես եր վերաբերմունքը և դեպի Վրաստանը, վորի նվաճման մեջ անմիջական շահ չեր տեսնում դեռ կասպիական հորիզոններին կառչած Ռուսաստանը։ Մնում եր տանջվող քրիստոնեյության պաշտպանի ծիրանին, վորի մեջ փաթաթված ծնվեց ռուսական իմպերիալիզմը։ Ահա այս բանի համար ել Պետրոսը գրել եր տալիս և հանձնել եր տալիս նույն Իվան Կարապետին մի յերկրորդ գրություն, ուղղված Յերից Մանկանդ վանքի Ներսես կաթողիկոսին և նրա թղթի մեջ հիշատակված «իշխաններին» և յուզպաշիներին[1])։ Պատասխանելով սրանց աղաչանքներին, Պետրոսն ամենայն վեհությամբ հայտարարում եր, թե ինքը պատրաստ ե վերցնել հայ ժողովուրդն իր հովանավորության և պաշտպանության տակ, ազատել նրան անհավատների լուծից, միայն պետք ե սպասել մինչև վոր ռուսական տիրապետությունը կհաստատվի Կասպից ծովի վրա։ Հենց այդ ժամանակ գեներալ Մատյուշկինը պիտի վերցներ Բագուն, վորից հետո ճանապարհ կբացվեր դեպի Հայաստան։
Բայց Ի՞նչ եր սրանով ուզում ասել Պետրոսը։ Մի՞թե այն՝ թե Բագուն վերցնելուց հետո ռուս զորքերը կգնան Ղարաբաղ, այնտեղ կպատերազմեն անհավատների դեմ ու այսպես կազատեն հայեցին: Ամենևին: Այսպիսի խոստում Պետրոսը յեթե տար ել, այդ կլիներ կատարյալ ստություն և խաբեյություն, քանի վոր ընդամենը մի յերեք ամիս անցած այդ դրությունից՝ նա կնքում եր Իզմայիլ բեկի հետ այն դաշնագիրը, վորով, ինչպես տեսանք, պարտավորվում եր ամրապնդել Շահ-Թահմազի իշխանությունը,
- ↑ Эзов, с. 354-357.