թվանշանով աղբյուր ե ծառայել ռուս Բուտկովին, վոր արդեն միայն Դավիթ բեկի զորքը հաշվում ե 60 հազար[1])։
Պետք ե թողնել այդ չափազանցությունները։ Մշտական և անփոփոխ թվանշաններ չպետք ե ել վորոնել, քանի վոր մշտական զորք առհասարակ չե ունեցել մելիքական Ղարաբաղը, չե ունեցել մանավանդ և Սղնախների ժամանակ։ Յեղել են միայն զինված մարդիկ, վորոնք միաժամանակ թե՛ յերկրագործ գյուղացիներ են յեղել. թե՛ կռվողներ։ Զորաժողով յեղել ե ամեն հարկավոր դեպքում, բայց մշտական խոշոր զորամասերի կուտակումներ չեն յեղել և չեյին ել կարող լինել, քանի վոր դրա համար հարկավոր եյին հատուկ հիմնարկություններ և դրամական խոշոր միջոցներ։ Զորքերի դասավորման իբրև հիմնական պահանջ ծառայում եր տեղայնությունը։ Ստեփանոս Շահումյանի ցուցակը լավ պատկերացնում ե զորքերի վորքան մանր մասերով տրոհված լինելն ըստ գավառակների և նույնիսկ ըստ գյուղերի։ Հյուսիսային Ղարաբաղում այդ մանրացումն այնքան շատ եր, վոր Յեսայի կաթողիկոսն իր համհարզներով Պետրոսին գրած իր այս վերջին նամակում չեր կարողանում ասել, թե վորքան զինվոր ունի, այնքան ցաք ու ցրիվ եյին զորամասերը։ Խոշոր կուտակումների բացակայության խոշոր ապացույց ե այն, վոր չեն մնացել խոշոր բանակետեղերի հետքեր, վոչ ձմերոցների և այլ հանրակացարանների վոչ միայն նշաններ, այլև ավանդական ցուցմուքներ։ Ամեն ինչ տարվում եր հին կարգով։ Դավիթ֊բեկի հռչակավոր Հալիձոր բերդը, վոր վորպես թե 70 հազար ոսմանցիներ եյին պաշարել, արտակարգ մի յերևույթ չեր ներկայացնում այն «արծվի բույների» մեջ, վորոնք լեռնային իշխողների բերդերն են ներկայացնում։
Յեվ այսպես, չափազանց դժվար ե վորոշել և ճշտել հայ զինվորության մշտական թիվը։ Միակ միջոցն ե այդ ուղղությամբ վորևե հասկացողություն կազմելու համար վերապահումներով հանդերձ նկատի առնել Շահումյանի ցուցակը վորպես հավանական և յերկրի պատմական աշխարհագրական պայմաններին ել համար պատասխանող տեղեկություններ, րստ վորոնց Ղափանի հայ զինվորության ընդհանուր թիվը հասնում եր 7000-ի։ Այդքան ել կամ դրանից քիչ ավել կարելի յեր հաշվել հյուսիսային Սղնախների զորքերի թիվը, ընդամենն, ուրեմե, 15—16 հազար, մի քանակություն, վոր կարելի կլիներ մեծացնել ծայրահեղ դեպքերում, յեթե զենքի և ռազմամթերքի պակասություն չլիներ։
- ↑ Бутков, 1, с. 31.