Էջ:Khoja Capital.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խփում եր քահանայապետական միապետության և Հայաստանի տերը դարձած սանձարձակ բյուզանդականության դեմքին։ Յեվ հասկանալի յե, թե ինչ տեսակ անհնարին ցասում պիտի բորբոքվեր հակառակորդների բանակում։ Ներսեսը, վոր սովորել եր տեսնել ամեն ինչ խոնարհված իր միապետական կամքի առաջ չկարողացավ տանել Պապի հարվածները և մեռավ։ Կղերական կատաղության մասին հասկացողություն տալիս ե Լուսավորչի տան խանդավառ յերկրպագու Փավստոսը, ամեն տեսակի հեքիաթային այլանդակություններ բարդելով ատելի թագավորի անձի վրա։ Նա իբր թե և՛ հրեշ եր, և՛ դև եր, նրա ծոցում ոձեր եյին բնակվում, հավատացնում ե կղերական չարախոսը մի շինծու միամտությամբ:[1])

Ներսեսի մահը` դրան կից Պապի ամբողջ արտաքին և ներքին քաղաքականությունը` առիթ եր դառնում, վոր մահվան դատապարտվի նաև ինքը, թագավորը։ Սպանությունը կատարում եյին բյուզանդական զորքերը, բայց հայերին անհայտ չմնաց, վոր այդ գործի բուն հեղինակը և բազմահռչակ Մուշեղ սպարապետն եր, ինչ ասել կուզե, Մամիկոնյան տոհմից, վորպես և այս վայել եր Լուսավորչյան տան պաշտպան տոհմին։ Պապի սպանությունը բերում եր իր յետևից և այս Մուշեղի սպանությունը, վոր կատարվեց թագավորի կողմնակիցներից մեկի ձեռքով։ Յերկրի համար այս մի մեծ կորուստ եր։ Յեվ այդ դժբախտության վրա ավելանում եր մի ավելի մեծագույնը—ամբողջ մի ազգամիջյան պատերազմ Մամիկոնյան և թագավորական կողմնակիցների մեջ:

Այս արյունահեղ իրարանցումներն ամենևին չվարկաբեկեցին կամ գեթ չթուլացրին հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը -արևմտամոլությունը։ Փավստոսը պատմում ե. «Եւ ժողովեցան եկին ամենայն իշխանքն հայոց մեծամեծք ի մի վայր ի միասին, և Մուշեղ սպարապետն և Հայր Մարզպետ և ամենայն իշխանքն և ասէին. Զի՞նչ արասցուք կամ զի՞նչ գործեսցուք, խնդրեսցուք զվրեժ թագաւորին մերոյ թե ոչ։[2]) Եւ ապա հաստատեցաւ այս բան ի խորհրդեանն և ասեն. Ոչ կարեմք հեթանոսաց

  1. Ամենից զվարճալին այն ե, վոր Փավստոսը շարունակ շեշտում ե, թե Պապը արվագետ եր: Կարծես ինքը` «սրբակյաց» հոգևորականությունը միանգամայն ազատ եր այս ախտից: Հերակլ կայսրն ասում եր Եջմիածնի հոգևորականներին. «Դուք հայքդ ունիք զանբնական պղծությունս ընդ արուս և ընդ անասունս և ընդ այլս հոլովս» Յեվ այս վկայությունը, բավական «պատվավոր», չե վոր արձանագրել ե իր պատմության մեջ մի բարձրաստիճան հայ հոգևորական (Ստեփանոս Օրբելեան- «Պատմություն Նահանգին Սիսական», Թիֆ. 1911, յեր. 116)
  2. Խոսքը Պապի մասին ե: