Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աներկմիտ արտահայտություններ՝ «վասն խաղաղութեան ուխտին միաբանութեան դաշինն, որ եր աշխարհին հայոց ընդ կայսերն յունաց»։[1]) Այս դաշինքով կղերական միապետությունը դարձնում եր Հայաստանը Բյուզանդական մի գավառ կամ, ինչպես անվանում ե Յեղիշեն, «դաստակերտ»:[2])

Պաշտամունք դարձնելով արևմտամոլությունը, հայ կղերական դիվանագիտությունը իրան դարձնում եր այդ պաշտամունքի կույր, մոլեռանդ քուրմը և հենց սկզբից մեծամեծ զոհերով եր պատվում ու փառաբանում իր այդ կուռքը։ Առաջին նշանավոր զոհը Պապ թագավորն եր, Ներսես մեծի հակառակորդը։

Շապուհ Յերկարակյացի փռած ավերակներն եր ժառանգություն ստանում այս թագավորն իր հայր Արշակից և հանդես եր բերում կամքի ույժ, վճռականություն և պետական ուժեղ շինարարություն, վորոնք բոլորովին հատուկ չեյին հայ Արշակունիներին։ Յեվ սկսվեց անխուսափելին-պայքար աշխարհական և հոգևորական միապետությունների մեջ: Ահավոր բաղխում եր տեղի ունենում յերկու սկզբունքների մեջ. Ներսեսի համար ամբողջ պետությունն իր ամբողջ ժողովրդով յեկեղեցու համար եր, իսկ յերիտասարդ թագավորը հակադրում եր դրան բոլորովին հակառակ սկզբունքը-պետության և ժողովրդի նախամեծարությունը: Պապը ջախջախեց արևմտամոլության չափազանցությունները և իր ձեռքն առնելով յերկրի դիվանագիտությունը, բարեկամական հարաբերություններ սկսեց նաև Պարսկաստանի հետ, ինչպես այս պահանջում եյին հայ պետության իրական շահերը։ Այս մերձեցումը, կդադարեր կասկածելի լինել միայն այն դեպքում, յեթե կանգնեցվեր և կամ առնվազը մեղմացվեր Հայաստանի բյուզանդականացումը։ Վոչ միայն այս հանգամանքը, այլ և իր պետության ուղիղ հասկացված շահը թելադրեցին Պապին մի շարք արմատական միջոցներ այս ուղղությամբ։ Հիմնահատակ քանդվեց այն վանական կառուցվածքը, վոր Ներսեսը տվել եր Հայաստանին։ Յետ վերցվեցին վանքերին ու յեկեղեցիներին հատկացված հողերը, փակվեցին այն բազմաթիվ կրոնական հաստատությունները, վորոնք ծծում եյին պետության կենսական հյութերը` իրանց մեջ սնուցանելու համար մի բազմամբոխ քրիստոսասեր ձրիակերություն, բաղկացած վարդապետներից, կույսերից և ուրիշ տեսակ հոգևոր տզրուկներից։

Այս` անխնա մարտի մի հրավեր եր, վոր համարձակ Արշակունին

  1. Փաւստոս, յեր. 79.
  2. Յեղիշե, Թեոդոսիա, 1801, յեր. 109.