Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս մեզ կբացատրե պարսկա-թյուրքական պատերազմների հետևյալ հատվածը։

16-րդ դարի յերկրորդ կեսի առաջին տասնամյակները չափազանց ծանր դրություն եյին ստեղծում Պարսկաստանի համար, շնորհիվ գրեթե կույր Խուդաբանդա Շահի թուլության և ապիկարության, վորոնց հետևանքով յերկրի մեջ ավատական իշխողների խռովություններն ու անկարգություններն եյին ծայր տալիս։ Ոսմանցիներն այս հարմար առիթ եյին համարում պատերազմը վերանորոգելու համար և արագ գրավում եյին Ատրպատականը Թավրիզ քաղաքով և պարսկական ամբողջ Այսրկովկասը -Հայաստան, Վրաստան, Մերձկասպիական յերկիրները մինչև Դերբենտ։ 1587 թվին Խուդաբանդա Շահին հաջորդեց նրա վորդի Շահ-Աբբասը, վոր ստիպված յեղավ հաշտություն խնդրել հաղթական թշնամուց, ընդունեց նրա ծանր պայմանները, զրկվելով նրա գրաված բոլոր պարսկական յերկիրներից։ Այնուհետև նա 16 տարի շարունակ լռելյայն, հետևողական կերպով պատրաստվում եր վոխերիմ և շատ ուժեղ թշնամուն պատշաճավոր հակահարվածը տալու համար։

Այդ պատրաստությունների մեջ ել նա հայտարերեց այնպիսի հատկություններ, վորոնք անզուգական են դարձրել նրան վոչ միայն պարսկական, այլ և առհասարակ արևելյան Շահերի մեջ։ Ամենից առաջ նա, ինչ ասել կուզի, Շահ եր, այսինքն բռնակալ, վոր յեթե ցած չեր, բարձր ել չեր հին և նոր աշխարհների, Ասիայի թե Ափրիկայի և հավասարապես Յեվրոպայի թագակիր բռնակալներից։ Այս բռնակալներից վոմանք, շատ քչերը, յեղել են և իրանց յերկրի բարեկարգիչները։ Յեվ Շահ-Աբբասն ել այդպիսիներից մեկն եր, յերկաթե կամքի տեր, աննկուն ու յեռանդաշատ։ Նա սկզբից և եթ ցույց տվեց, թե գիտե պատերազմել, և մի շարք նվաճումներ կատարեց Արևելյան Պարսկաստանում, տարածելով իր իշխանությունը նաև Աֆղանիստանի վրա, մինչև Հնդկաստան:

Բայց գլխավորը դեռ այդ չեր, այլ այն, վոր այդ ասիացի մարդու մեջ զարմանալի համբերատարությամբ եյին զետեղված մի բռնակալի և մի քաղակրթողի բնազդները։ 1597 թվականին յերկու անգլիացիներ, Անտոնի և Ռոբերտ Շերլե յեղբայրները գնացին նրա մոտ և առաջարկեցին իրանց ծառայությունները։ Աբբասն արդեն գիտեր, թե վորքան բարձր ե յեվրոպական քաղաքակրթյունն ասիականից և սիրով ընդունելով յերկուսին, դարձրեց նրանց իր խորհրդականները: Առաջ ու առաջ Շերլե