կապիտալը շատ քիչ ներկայացուցիչներ ուներ Իրանում: Յեղածների և Շահի մեջ հարաբերական խոչընդոտներ եյին դնում բարքերի, սովորությունների, վարվեցողության տարբերությունները։
Ահա այս հատկությունների համար ե,- հատկություններ, վորոնք կենդանացրին մահամերձ Իրանը,-վոր Շահ-Աբբասը ստացել ե «Մեծ» տիտղոսը։ Մանավանդ իր առևտրական հովանավորող քաղաքականությամբ նա դարձնում եր Իրանը թանձր աղջամուղջային խավարի մեջ պայծառ վառված մի ճրագ, դեպի վորը ամեն կողմից ձգվում եյին խաղաղ աշխատանքի և քաղաքական հանգստության կարոտ անհատներ և խմբեր։ Այդպես յեղավ Իրանը մանավանդ Գանձակի, Ղարաբաղի և հյուսիսային Սյունիքի համար, յերեք հիրավի դժբախտացած յերկիրներ, վորոնց գրեթե ամբողջ կես դար քանդել, քերել, ամայացրել եյին մարդն ու արհավիրքները —ժանտախտ, սով, ոսմանյան արշավանքներ, լեզգիներ և այլն։
Յեվ ահա մենք տեսնում ենք, վոր 17-րդ դարի սկզբում այդ տեղերից մի շարք մարդիկ ինքնահոժար գաղթում են և գնում Շահ-Աբբասի մոտ, վոր նրանց ընդունում ե սիրով և բնակեցնում Սպահանի մեջ։
Առաքել պատմագիրը տվել ե այդ գաղթողների ցուցակը, և մենք տեսնում ենք, վոր դրանք ամենքը, «արք նշանաւորք»[1]) ինչպես անվանում ե պատմագիրը, տեղական մանր ավատական իշխողներից եյին, մելիքներից կամ մելիքական տոհմերից։ Դրանք Սպահանում, հարկավ, չեյին կարող մելիք մնալ և բնականաբար պիտի անցնեյին խոջաների կարգը, դառնային վաճառականներ։ Յերկուսի մասին մենք ունենք հաստատ վկայություն. Ջալալբեկը և Մելիք Հայկազը դարձան Սպահանում յերևելի վաճառականներ Խոջա-Ջալալ և Խոջա-Հայկազ անուններով[2]) Սակայն մյուսներն ել ուրիշ անելիք չունեյին պարսից մայրաքաղաքում, բացի համանման կերպարանափոխության յենթարկվելուց։
Բացի բազմաթիվ անհատներից, գաղթեցին նաև չորս գյուղ Ղարաբաղի Դիզակ գավառից։ Բայց Շահ—Աբբասի համար արժեքավորն այն եր, վոր նա ձեռք եր բերում զոկական կապիտալի մի նշանավոր մասը։ Դաշտ գյուղի (Ներքին Ագուլիսի) բնակչության յերեք մասը նույնպես գաղթեց և բնակություն ստացավ դարձյալ Սպահանում: Այս գաղթականներն ստացան «դաշտեցի»