Էջ:Khoja Capital.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ջերմեռանդ վորդեսեր հայր Շահն իսկապես դառնում եր հայր խոջայական կապիտալի համար։

4.

Այսպես եր կատարվում հայ պատմության ամենախոշոր փաստերից մեկը, այն ե՝ Ջուղան տարված Սպահան կամ, ուրիշ խոսքով, հայ խոջայական կապիտալին գաղութային կայանի դիրքը տալը։ Խոջայական համայնքը չեր խառնվում մյուս գաղթական զանգվածների հետ: Շահ–Աբբասը առանձնացնում եր նրան, բնակության հատուկ տեղեր նշանակում իր մայրաքաղաքի մի արվարձանում և այսպիսով ծնունդ եր առնում Նոր Ջուղան, գաղութային հայ կապիտալի ամենամեծ և ամենաուժեղ կենտրոնը գրեթե մի ամբողջ դարի ընթացքում։

Նոր Ջուղան Հին Ջուղայի կատարյալ կերպարանափոխությունն եր և հենց դրանով մարմնավորում եր այն դերը, վոր նա պիտի կատարեր հայ կյանքի վերաբերմամբ, դառնալով, ինչպես արդեն դարձել եր առևտրական կապիտալը Յեվրոպայի շատ տեղերում, մի հուժկու գործոն, վոր հանում եր մարդկությունը միջին դարերից դեպի նոր ժամանակները վորոնք լեցուն են տնտեսական, սոցիալական և քաղաքական հեղաշրջումներով։

Ի՞նչ տարբերություն հնի ու նորի մեջ: Հինը կպած ե Արաքսի ժայռերին և պետք ե այծյամ լինել դրանց վրա շարժվելու համար, ինչպես նաև վոզնի` թռչնաբույնի մեծություն ունեցող տների մեջ մտնել կարողանալու համար: Մի վոսկե փոր տնանկություն, անճար տափակացած ավանդականության ժայռերի տակ։ Իսկ նորը լայնարձակ մի դաշտավայր ե, վորի վրա անցնում ե մի կենտրոնական լայն փողոց և այդ փողոցը կտրատում են յերկրորդական կանոնավոր ու լայն փողոցներ և սրանց յերկու կողքին բարձրացած են հոյաշեն մեծ տներ։ Մի վաճառականական քաղաքիկ, մի փոքրիկ առևտրական հանրապետություն, վորի կառավարությունը Շահ-Աբբասր հանձնել ե Խոջա Նազարին, իսկ սա իր ձեռքի տակ ունի թաղապետներ, վորոնց միջոցով իրականացվում ե ինքնավարությունը։ Դասակարգային շերտավորումների գլխին կանգնած ե խոջայությունը, նրա հետ ե և հոգևորականությունը, և սրանք իրար լրացնում են, յերկուսն ել իշխաններ են։ Միջին դասակարգը արհեստավորությունն ե, իսկ ստորինը մշակները կամ բանվորները, վորոնք առավելապես շինությունների վրա յեն աշխատում. դրանց մեծ պահանջ կար մանավանդ այն շրջանում, յերբ կառուցվում եր Ջուղան։