Էջ:Khoja Capital.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կենտրոնացնելով և մեծացնելով խոջայական կապիտալը և այսպիսով դարձել եր մի մեծ կայան, վորտեղից այդ կապիտալը պիտի մղվեր դեպի իր հետագա զարգացման, տարածման և կերպարանափոխման փուլերը։

Այսպիսի մի դերի մեջ մտնելու համար հարկավոր եր, վոր ինքը՝ ջուղայեցիությունն ել՝ ավելի լայն հասկացողություն դառնար։ Իր գոյության առաջին հիսնամյակում Ջուղան պատկանում եր ջուղայեցիներին։ Բայց հետո, շահի հրամանով Սպահան քաղաքի բնակիչ հայերը դուրս հանվեցին այդ քաղաքից և բնակեցվեցին Ջուղայի մոտ։ Այսպիսով Սպահանի մի շարք հայաբնակ թաղեր- Դաշտեցի, Յերեվանցի, Թավրիզեցի և այլն դարձան Ջուղայի թաղեր։ Սրանով, ուրեմն, բոլոր խոջոյական տարրերը համախմբվոլմ եյին մի տեղ և Ջուղան, կորցնելով իր ազգագրական միատարրությունը, դառնում եր մի ընդհանուր վաճառականական հայրենիք, վորի մեջ մտնող մասանիկներին հաղորդվում եր համայնական միաձույլ կերպարանք Ջուղայեցիություն։ Այս բառով կարելի յե բնորոշել 17-րդ դարի այդ խոշոր հայ առևտրական բուրժուազիան:

Լինելով հանդերձ մի հեռավոր, հաղորդակցության վատ միջոցներով անջատված գաղութ, ջուղայեցիությունը շատ խոշոր ազդեցություն եր գործադրում գրեթե ամբողջ հայության, մասնավորապես նրա կրոնական կենտրոնի, Եջմիածնի վրա։ Այստեղից ե այն հասարակական դերը, վոր ուրիշներից չգերազանցված չափով դառնում եր ջուղայեցիության հատկանիշը։ Ջուղան սոսկ խոջայական կապիտալի կուտակման վայր չեր, այլ և ժամանակի հռչակված մտավոր կենտրոններից մեկը: Նրա դերը շատ մեծ ե մանավանդ ժամանակի ամենագլխավոր մշակույթային շարժումներից մեկը կազմող տպարանական գործի մեջ: Ինքը, Սպահանի առևտրական արվարձանը մեծամեծ ջանքեր եր թափում իր ծոցում զարգացնելու համար տպագրական- հրատարակչական գործունեյությունը, բայց Իրանը վոչ մի հարմարություններ չեր տալիս այդպիսի մի դեր կատարելու համար։ Յեվ ջուղայեցիությունը դրա փոխարեն մեծ գործ տեսնում եր Յեվրոպայում, ուր նա գտնվում եր ինչպես իր տանը։ Գրական աշխատանքի մեջ ինքը՝ խոջայությունն անձամբ վոչ մի մասնակցություն չուներ, ամեն ինչ կատարվում եր հոգևորականության ձեռքով, իսկ խոջայական կապիտալն իր ճոխություններից փշրանքներ եր հանում հրատարակության ծախսերը հոգալու համար, ստանձնում եր այսպիսով մեկենասության պաշտոնը, վոր ապագայում