ջանք գործ եր դնում, վոր պարսից Շահն ել նրա հովանավորը դառնա, ապահովելով այդ փոքրիկ ժողովրդի հանգստությունն ու խաղաղ աշխատանքը։ Դրա համար «արև-թագավորը» անդադար նամակներ եր գրում թագավորող շահին, դեսպանություններ եր ուղարկում Սպահան, վորոնք ընծաներ եյին տանում և անձամբ ել միջնորդում եյին ունիթորների համար։ Այսպես 1674-ի փետրվարի 7-ին գրած նամակի մեջ Լուի 14-րդը գանգատվում եր, վոր ունիթորներն ել, վորպես քրիստոնյաներ, յենթարկված են Պարսկաստանում գործադրվող այն որենքին, վորի համաձայն ամեն մի քրիստոնյա, ընդունելով մահմեդականություն, տիրանում եր իր քրիստոնյա ազգականների բոլոր կալվածներին։ Խնդրելով վոր վերացվի այս որենքը, Ֆրանսիայի արևը, ճոխացած «ամենաքրիստոնյա» տիտղոսով, շտապում եր ավելացնել, թե իր խոսքը միմիայն այն քրիստոնյաների մասին ե, վորոնք իրանց անվանում են ֆրանկ և բոլորովին չե վերաբերվում հերձվածողներին, այսինքն վոչ-կաթոլիկ հայերեն, Հռոմից դուրս գտնվողներին[1])։ Իսկ յերեք տարուց հետո նույն Լուին արդեն ուրիշ տեսակ միջնորդություն եր անում Շահին գրած իր նամակի մեջ։ Նա միանգամայն արդարացի յեր գտնում, վոր կաթոլիկ հայերին իրավունք տրվի իրանց յեկեղեցու ծոցը կանչել այն հայերին, վորոնք ուրացել են կաթոլիկ հավատը (այսինքն՝ Լուսավորչականներին) և յեթե սրանից մեկը մտնում ե կաթոլիկ յեկեղեցու ծոցը, այդպիսին իրավունք պիտի ունենա ժառանգել իր «հերձվածող» ազգականների բոլոր կայքերը[2]): Այս նշանակում եր կաթոլիկ կրոնին հատկացնել նույն իրավունքը, վոր բարբարոսաբար պարսից Շահերը հատկացրել եյին իսլամին և որից անհունապես տառապում եյին քրիստոնյաները։
Ահա ի՛նչ «արդարություն» եր գալիս բազմատանջ հայ ժողովրդին Յեվրոպայի սրտից, Վերսայլի վոսկեզարդ պալատից։ Նախիջևանի գավառի մի բուռն կաթոլիկ հայերն իրանց ձեռքի մեջ ունեյին այս աշխարհահռչակ պալատը, վոր միայն վոսկի ու մարմար չեր, այլ քաղաքական այնպիսի ույժ, վորի զուգակիցը չուներ Յեվրոպան։ Ֆրանսիայի արևն անմիջապես նամակագրություն ուներ հայ ունիթորների հետ և հայտնում եր, թե ինքը պիտի շարունակ հոգա նրանց բարիքը, դիմումներ անելով Շահին, «մեր շատ թանկագին յեղբորը»[3]):