Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղա ջան, էդ ինչ որ հրամայում ես, բան չեմ հասկանում. Թորգոմն ո՞վ ա. ես որ կամ, Թոփալանց Կիկոսն եմ, էս սաղ գեղը գիտի, որ իմ օրում ես թվանքի ծակովը մտիկ տված չեմ. թե էշս թվանք կրակ տվող ա, ես էլ նրա պես. ախր խի՞ ես ինձ անպատիվ անում, ես թվանքի մարդ ե՞մ... — գլուխը կախ պատասխանեց Կիկոսը։

Խմբապետը զայրացավ, կատաղեց, ջղայնացավ, ետ ու աոաջ ման եկավ ու էն է՝ քիչ էր մնում մտրակը պիտի իջեցներ Կիկոսի գլխին, երբ գյուղի քահանան վրա հասավ ու միջամտեց.

— Պարոն խմբապետ, սա մի աստծու եզը մարդ է, խեղճ ու կրակ. իր օրում մեկին մի վատ խոսք ասած, հակաոակ բան արած չկա. սա իր կյանքում ճանճ էլ չի սպանել, ներեցեք, թողեք՝ իր բանին գնա. թե ուրիշ ղուլլուղ ունեք, ասեք անի, թե չէ սրա աչքերը... — քահանան կանգ առավ, զգալով, որ կարող է ավելորդ բան ասել։

— Անկարելի է,— պայթեց խմբապետը,— սա իր բռնած դիրքով կարող է վատ օրինակ դառնալ ուրիշների համար, ամենքը ոգևորված դիմում են կռվի դաշտ, իսկ սա թիկունքը քայքայում, անբարոյականացնում է։ Եթե մինչև այժմ ճանճ էլ չի սպանել, ավելի վատ իր համար, այժմ պետք է մարդու արյուն խմի։ Վաղը դուք ևս պետք է մասնակցեք պատերազմին, ուր մնաց թե սա։ Կռիվն օրհասական է և պայքարը վճռական, հասկանո՞ւմ եք...

Խմբապետը թամամ փրփրած էր:

Կիկոսը, որ շվարած կանգնել ու բան չէր հասկանում խմբապետի ասածներից, զգալով, որ բանը կարող է վատ վերջանալ, հրացանը բարձրացնելով կոթովն իշին բզեց, ասելով.

— Գնում եմ, աղա ջան, թո՛շ, թո՛շ, գնում եմ, գնում եմ։ Վա՛յ էն կռվին, որ Կիկոսով պիտի գլուխ գա... — Ու էշն առաջն արած ճամփա ընկավ, ինքն էլ չիմանալով դեպի ուր։

Խմբապետը գոհ սրտով բեղերը ոլորեց, ու կանչելով իր քարտուղարին՝ հրամայեց, որ կառավարությանը մի հեռագիր ուղարկի, թե՝ «Ժողովրդի ոգևորությունը մեծ է այնչափ,