անել տվել ու կնգանդ վրա ծածուկ կտրել, էս էլ երկու։ Հիմի վճռեցին, որ մի տարի ղալա քաշես, բայց որովհետև հաշիվ արին ու տեսան, որ էս բաները դու առանց հասկանալու ես անում, չունքի սովետական իշխանության զակոնները գիտում չես, դրա համար էլ քեզ ազատում են, որ քու բանին կենաս, բայց երբ որ մին էլ էդ տեսակ բանի մեջ բռնվես, էն վախտը քեզ ուրիշ պատիժ էլ կտան, էս մի տարին էլ վրեն կավելացնեն, թե չէ հու քեզ լավ կպահես, էն ա ազատ քու ցավին կկենաս, քու տանն ու քու գործին։ Հիմի հասկացա՞ր...
— Հա՛, քե մատաղ, լավ բեյինս մտավ, էլ ես ըլեմ ես, մի մարդու հետ էլա զրից անե՞մ... Թե որ մին-մին իշիս հետ զրից եմ անում, էն էլ կկտրեմ։ Թե որ Կիկոսին էլ խոսալիս տենաք, թող էս մին, էն էլ երկու ըլի...
Դատը վերջացած էր։ Մարդիկ աղմկելով ցրվում էին դեպի իրենց տները, որոնցից շատերը մոտենում էին Կիկոսի քեֆը հարցնելու կամ իմանալու դեպքի բոլոր մանրամասնությունները, բայց Կիկոսը, հաստատ իր խոսքին, ոչ ոքի հետ չէր խոսում ու չէր էլ ուզում լսել։
Թազագյուլը խտտեց սպիտակ հավը, որը դատարան էր բերված որպես իրական ապացույց, իսկ սև հավի ոտներն ու գլուխը, որ գտել էին Կիկոսի գրպանում և դրել սեղանի վրա, վերցրեց ու շպրտեց ջինդար Սողոմոնի դեմքին, գոչելով.
— Հողս քու սատանա գլխին կենա, փափուկ միսը դու ես կերել ու էս ոսկոռնին խաչի համար ղարկե՞լ... Տար էս էլ լափի, որ գրածդ գիրը է՛լ կտրուկ ըլի...
Ծաղրված ու անպատված ջինդարը գլուխը կախ, կաղ ոտը քարշ տալով գնաց դեպի իր տուն, իսկ Թազագյուլը մոտենալով շշմած Կիկոսին, հրեց դեպի տուն.
— Կորի՜, տուն կորի՜, ա նամուսդ տափը մտած, սաղ գեղում խաղք ու խայտառակ արիր մեզ։
Կիկոսը համր ու դանդաղ քայլերով, գլուխը կախ ու մեջքը կորացած՝ Թազագյուլի առաջն ընկավ, ու երբ տուն հասավ, թեքվեց դեպի գոմը։
— Ո՞ւր ես կորչում, ա սևասիրտ, տանդ դուռն էլ ես կորցրե՞լ...