Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցուցադրական դատ էր։ Կինը, Թազագյուլը վկա էր կանգնած իր ամուսնու՝ Կիկոսի դեմ, պառավները մազ էին փետում այս սարսափելի, չտեսնված բանի համար, որ կնիկն ուզում է իր մարդուն պատժեն։

Խոսեց կենտրոնից եկածը, խոսեցին կոմբջիջի անդամներից մի քանիսը, կոմերիտները կրակված ճառեր էին ասում սրբերի ու սատանաների մասին, և որ զարմանալի թվաց ամենքին, դա այն էր, որ ամբողջ պատմությունը մանրամասնորեն գրված էր լրագրում։

Ցուցադրական դատը վերջացավ նրանով, որ ջինդար Սողոմոնին երեք, իսկ Կիկոսին մեկ տարով պայմանական բանտարկության դատապարտեցին։ Դատավճիռը հայտնելիս Կիկոսը լուռ լսում էր, բայց բան չէր հասկանում։ Նրա գլուխը թմրել էր բազմաթիվ ճառերից ու աղմուկից։ Երբ կենտրոնից եկած ընկերը դատավճիռը հայտարարեց, զգալով, որ Կիկոսը վճռի միտքը չի հասկանում, հարց տվեց․

— Վճիռը հասկացա՞ք, քաղաքացի Կիրակոս։

— Հը՞,— քնից սթափվածի պես հարցրեց Կիկոսն ու գլուխը թափահարեց։

— Վճի՛ռը, վճի՛ռը, դատարանի որոշումը ձեր գործի մասին հասկացա՞ք,— կրկնեց կենտրոնի ընկերը։

— Հըը՜... հասկացա ոչ, բախշի՛ ինչ պատիժ տալիս եք տվեք, մենակ թակեք ոչ։ Մին էլ... ինձ մի լավ բացահայտ ասեցեք, թե ձեր օրենքն ի՞նչ բան ա ղադաղա անում ինձ, որ ես էլ ղալաթ չանեմ, սխալմունքի մեջ ընկնեմ ու ղալա քաշեմ, ինքն էլ մեր լիզվով ասեցեք, գրափառը հսկանըմ չեմ։

Յաչեյկա Դավիթը խոսք վերցնելով դարձավ Կիկոսին, թե՝

— Առաջինը, որ կասեմ քեզ, Կիկոս, էդ էն ա, որ դու կոնտրիկների հետ շատ ես զրից անում։ Մի անգամ և-ևս Եփրեմի հետ քեզ բռնեցինք ու բաշխեցինք, հու գիտես, թե ինչ եղավ և-ևսը։ Հիմի էլ կնիկդ կին-բաժնի ու ՄՈՊՐ-ի մեջ գործ ա կատարում, գրիլ-կարդալ ա սովորել, լիսավորվել, կազեթ ա կարդում, դու հակառակ ես, ու կնգանդ դիվահար ու այսհար հաշվելով՝ գնացել ես ջինդար Սողոմոնին «գիր»