Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան կասեմ մենակ, որ մատները ջոկ-ջոկ խեղճ ու կրակ զադեր են, ուզում ա մեծ, ուզումա պուճուր, բայց մի իրար հավաքի ու հուպ տու, հրես է, ըսենց, տեսնում էս, էս ի՞նչ բան ա սրան դմբուզ կասեն։ Աշխարհս որ կա՝ դմբուզակռիվ ա, ում դմբուզը պինդ ա ծեփում, նրա տարածն ա։ Դու հենց գիտում ես, իմ ցավը մենակ տունս քանդող Սոլոմո՞նն ա... Հրեն Սոլոմոնի կողքին էլ Արտեմն ա, Գրիշա բեգը, քյոխվա Զաքարը, էս ղոլի գեղումն էլ Սիմոն աղեն, աշխարհ թալանող առուտուրական Ջավադ խազեինը, մեր գործակալ տեր Օհանեսը... Ո՞ր մինն ասեմ... ո՞վ կարա դրանց իշին չոշ ասի, հավին՝ քիշ։ Սրանք տեսնո՞ւմ ես ոնց են իրար հետ կապված, փեսա ու հաներ են, խաչախպեր ու կնքահեր, սրանց կողքին էլ պրիստավը, կուբեռնատը, ես ինչ գիդամ՝ հազար ու մի նման շուն ու գել, գլուխներին էլ թագավորը բազմած։ Շատ էլ թե թագավորին թախտից գցել են, սրանք հու կա՞ն, սրանց դմբուզը հու ծեփո՞ւմ ա... էս եմ ասում, թե չէ, էսօր-էգուց գյոռբագյոռ եմ ըլելու, գերեզմանիս տեղն էլ չեն իմանալու որտեղ ա։ Ո՞ւմ ինչ վեջն ա թե աշխարհիս երեսին մի Անտոն ապրել ա, թե մեռել... Համա դու դմբուզակռիվը լավ միտդ պահի, թե մեռնենք ոչ, հրես մեր աչքովը կտենանք։

— Արա՛, Անտոն բիձա,— մեջ մտավ երկրորդ գյուղացին,— էտքան խելոք մարդ, էս ջաղացումն ի՞նչ ես շինում, խի՞ չես գալի գեղը...

— Սոլոմոնի դմբուզը հալա շատ ա զորավոր, քեզպեսներն էլ կռվի վախտը թիկունքումս կանգնիլ չեն, գամ որ քուրքս քամուն տա՞ն... Խելքն ինձ ո՞վ ա տվել, թե խելոք ի, տունս խի՞ խլեցին ձեռիցս. ջաղացպանն ինչ ա, թե իրեն ունեցած խելքն ինչ ըլի,— հեգնեց Անտոնը և տեղիցը վեր կացավ, որ ջաղացի ջուրը կտրի։

Գյուղացիք պարկերն ուսած ճամփա ընկան դեպի գյուղ, աշխույժ վեճ բանալով Անտոնի ասածների շուրջը, իսկ Անտոնն էլի լեզուն քաշեց իր բունը և լուռ ու մունջ նստեց ջաղացում, մտածելով թագավորին թախտից գցելու և պատերազմի վերջանալու մասին։

Տարիներ շարունակ նրա թմրած միտքն այժմ արտասովոր աշխատանք էր սկսել։ Իր մութ ու ցածլիկ ջաղացում