Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսը շուռ տալով բաց արավ իր խուրջինը, քար ու կշեռքը հանեց, մի ֆունտ շաքար կշռեց, մի քիչ էլ թեյի խոտ ածեց մի թղթի կտորի մեջ ու տվեց Անտոնին, կցելով այն անհրաժեշտ նախաբանը, որ միշտ պատրաստ ուներ ամեն մի մուշտարու համար։

— Ա՛ռ, Անտոն բիձա, անուշ-անուշ խմի, հալալ ա քեզ պես հալալ մարդուն, պարտքի մասին ավելորդ ա խոսալը, սաղ ըլես, մի օր կտաս, ամեն օր հու մարդու տեղը նեղ չի ըլի... Առակն ասում ա՝ «լավութինն արա ու ջուրը գցի, ձուկը թե չիմանա, խալխն էլա հո կիմանա...»։

— Շեն ու լիքը կենա օջախդ, հաստատ կենաս տանդ վրա, Ներսես ջան, հալբաթ որ... լավութինը մի անուշ հոտով ծաղիկ ա, որ ամառ-ձմեռ միշտ դալար ա մնում ու հոտ տալի թե՛ անողին, թե՛ ընդունողին, թե սաղ մնամ, ես լավութենի տակիցը դուրս կգամ, պարտքս կտամ, թե չէ հու մեռա, հենց իմացիր թե վրես գանձանակ ես գցել...

— Էտ էլ ի՛նչ խոսք ա, որ ասում ես Անտոն բիձա,— ընդհատեց չարչին,— հալա աչքիս շատ ջահել ես երևում, էսօր ռանգդ շատ պայծառ ա, հալա շատ կապրես, ես ասում եմ գաս գեղը մի ջահել-պառավ կնիկ գտնենք, պսակենք, դու մեռնելու մասին ես խոսո՞ւմ,— կատակեց չարչին, խուրջինն Անտոնի օգնությամբ գցեց ձիու վրա ու հեծնելով, ճանապարհ ընկավ մի բայաթի մռմռալով։

«Հալբաթ էսօր հունձն առատ ա ըլել, լավ ա խուզել գեղացոնց, բրդի հետ մի քիչ էլ մորթուց կտրելով»,— մտմտաց ինքն իրեն Անտոնը և ջուր շաղ տալով հատակին, նորից մաքրեց ջաղացը ու մի խտիտ չոր խոտ դրեց օջախի ղրաղին, որ գիշերը եկողի տակը փափուկ լինի։

Մութն ընկնելու վրա էր։ Տավարածի աստղը[1] երկնքի բաց կապույտի վրա ժպտում էր, թիթեռնիկի նման թափահարելով իր փոքրիկ թևերը։ Անտոնն ամբողջ օրը թեև ոչինչ չէր կերել, բայց և այնպես քաղց չէր զգում։ Նա իր թխած կրկենուն ձեռք չէր տվել, պահում էր «ազիզ ղոնաղի» համար,

  1. Առաջին աստղը, որ երևում է երկնակամարի վրա։ Գյուղացիք այդ աստղին ասում են «տավարածի աստղ», հավանորեն կցելով այն մտքի հետ, որ այդ աստղը դուրս գալիս տավարածը պետք է արդեն նախիրը տուն բերի։