որ միասին ուտեն։ Թե ո՞վ էր լինելու էդ «ազիզ ղոնաղը» ինքն էլ չգիտեր, բայց այնպիսի կարոտով ու անհամբերությամբ էր սպասում նրան, որ կարծես տարիներով կարոտած, սերը սրտում բորբոքվող նորահարս լիներ իր ամուսնու գալուն սպասող։ Անտոնը շուտ-շուտ ներս ու դուրս էր անում, անհանգիստ ման-ման անում ջաղացի չորս բոլորը, բարձրանում ջաղացի կտուրը, աչքերը լայն չռում զանազան ուղղությամբ, որ միգուցե խավարի մեջ եկող նկատի կամ ականջը սրում, շունչն իրեն քաշում, որ լսի, թե հեռվից ձեն-ձուն հո չի՞ գալիս... Այսպիսի լարված ու ջղային դրությամբ, հանկարծ մի մկան խշտոց կամ թռչունի թպրտոց ցնցում էր նրա սիրտը, որն սկսում էր անհանգիստ ու արագ բաբախել, ու հուսախաբված ծերունին հառաչանք արձակելով, կամ ինչպես ասում են՝ հոգոց հանելով, գլուխը պտույտ էր տալիս, ինքն իրեն մտածելով՝ «վայ թե եկող չըլի, երկինքն աստղալից ա», կամ՝ «չլի՞ երեկվա կատարվածն երազ էր, մի հին հեքիաթ...»։
Գիշերն իր աստղազարդ վերմակով բարուրել ու քուն էր դրել ամենքին, միակ արթուն շունչը որ կար, դա Անտոնն էր, մեկ էլ ձորում հոսող առուն ու թեթև քամին, որ ծառերի վրա մնացած հատուկենտ տերևներն էր պոկում, առնում տանում...
Անտոնի հաշվով կեսգիշերն արդեն մոտ էր։ «Հրես ուր որ է կգան», հաստատ վճռեց իր մեջ ու մտնելով ջաղացը, կրակն իրար արավ, վառեց, վաղուց մոռացված, ունկը կոտրած չուգունե ախթափա չայնիկը դրեց վրան, մեջտեղից ճաքած ու մավթուլով կապած բաժակը լվաց, սրբեց փեշի ծայրով, ժանգը կերած դանակը մոխիրով մաքրեց, չարչուց առած շաքարը կոտրատեց մանր-մանր, կրկենու փոշին փչեց, այրված տեղերն սկսեց քերել դանակով ու խմորի փոքրիկ տաշտը շուռ տալով դրեց վրան, որ սեղանի տեղ ծառայի։
Էս սարգ ու կարգի մեջ էր Անտոնը, երբ մեկը դուռը բախեց։
— Ո՞վ է,— վեր թռավ Անտոնը, սիրտը հենց ծուլ ելավ, որ կարծես բերնիցն ուզում էր դուրս թռչի։