Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկտրեմ... — ու մինչ Ալեքը ձիու բերանը կհավաքեր, Սաքինի հրացանն օդում պայթեց։

Ալեքը ձիուց ընկավ ցած։ Սաքին ու իր ընկերները ծիծաղում էին, իսկ Կիկոսի թուքը ցամաքել էր։

— Կիկոս, արևդ տափը դնեմ,— գոռաց ստրաժնիկ Սաքին,— թուրքը գլխիցդ կտրեց, եկար էդ խեղճ Ալեքին սպանեցի՞ր... Դե հիմի գնա ու լեշն իշիդ վրա դի, տուն հասցրու,—հռհռալով ավելացրեց ստրաժնիկ Սաքին, որի հռհռոցին միացան և մյուս երկուսն ու ձիերը խաղացնելով ետ դարձան ստուգելու Ալեքի բերած լուրը։ Բայց դեռ նրանք չէին ծածկվել բլուրի ետևը, երբ մի 5—6 զինված «խումբի տղա» ձիավորված դուրս եկան գյուղի կողմից իմանալու, թե ինչ հրացանի պայթյուն էր։

Կիկոսն այս ամեն անցուդարձից շշմած, կանգնել էր ճամփի մեջտեղը, երբ խաչաձև փամփշտակալներով, մեծ փափախներով, խանչալ-ատրճանակները կապած «խումբերը»[1] կանգնեցին նրա առաջ։ Նրանք դեռ չէին նկատել Ալեքին, որի ձին փախել էր, իսկ ինքը կուչ էր եկել մի քարի տակ ու վախից աչքերը ճպճպացնում էր, ստուգելով մարմնի բոլոր մասերը, իմանալու, թե գնդակը որտեղին է կպել։

«Խումբերը» շրջապատելով Կիկոսին՝ մի լավ զննեցին նրան, իրենց լեզվով ինչ-որ խոսեցին, որից Կիկոսը բան չհասկացավ, որովհետև, ճիշտ է, «խումբերը» հայ էին, բայց նրանց լեզուն բոլորովին ուրիշ էր և անհասկանալի։

Դժվար է նկարագրել, թե ինչ տանջանքներ կրեց Կիկոսը «խումբերի» ձեռին, որոնց տված հարցերից ու խոսածից ոչինչ չէր հասկանում նա, և որոնք չկարողացան իմանալ, թե հրացան արձակողը Կիկոսը չի եղել, մինչև որ նրանցից մեկը չհոտոտեց հրացանի խողովակը և ձեռք չքաշեց նրանից։ Ո՞վ էր հապա այդքան մոտիկ հրացան արձակողը, երբ միակ հրացանավորը միայն Կիկոսն էր, որին խուզարկելուց պարզվեց, որ նա իսկի փամփուշտ էլ չունի մոտը։

— Ծո՛ քեզի պես խայու... — բարկացավ նրանցից մեկը Կիկոսի վրա և խանչալը հանեց ու նորից դրեց տեղը՝ զսպելով իրեն։

  1. Գյուղացիք դաշնակցական խմբերի բոլոր տղաներին «խումբ» էին ասում: