Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկավ ստրաժնիկ Սաքին ու մտրակը իջեցրեց Կիկոսի իշի գլխին։

Խեղճ հայվանը գլուխը թափահարեց անսպասելի հարվածից ու վիզը ծռելով ուզեց դուրս պրծնել ձիերի օղակից, երբ երկրորդ հարվածն իջավ նրա գավակին։

«Օ՛ֆ» արեց Կիկոսը, կարծես հարվածն իրեն էր կպել, ու ձեռքը դրեց իշի կոկոզին, որ ճկռել էր ցավից ու ետևի ոտները չռել։

— Յանի ասենք ինձ մարդատեղ չեք դնում, էս խեղճ իշին ինչ ես ասում, ստրաժնի Սաքի, որ միսը քրքրում ես, սա քեզ ի՞նչ ա արել, թող արեք գնամ իմ ցավը քաշեմ, խի՞ եք խեղճ հայվանիս բեդամաղ անում... Ջանն ազիզ բան ա. ես կարալ չեմ ետ դառնամ էն աղա-խումբապետի երեսը, գլուխս կթակի, էսքան տարվա պահած գլուխս...

— Տո՛, սարսաղ գլխիդ ձյուն գա, ջանն ազիզ որ ասում ես, էն ա լավը, որ տանդ վեր ընկնե՞ս, թե գնաս թուրքի գյուլլիցը շանսատակ ըլես։ Ի՞նչ անենք, թե խմբապետը մի երկու գլխիդ կտա...

էս խոսակցությունն ընդհատեց մի ուրիշ ձիավոր, որը ձիու ականջը մտած՝ քշելով հասավ ու գոռաց.

— Ձեր տունը քանդվի ոչ, փախեք, որ թուրքի ղոշունը կրակ դառած գալիս ա։ Ներքի բաղերը վառեցին, հրեն ալավը երկինք ա հասել, աստծու ոտները խանձում ա...

Սա ծվծվան Ալեքն էր, որ գյուղում հայտնի էր իր «ծտի սրտով» ու «ծտի խասյաթով»։ Ինչքան ծիտն է աներես ու վախկոտ, էնքան էլ Ալեքը, և ինչպես ծիտն է սաղ օրը ճտճտում ու սրա-նրա դռանը փռած աղունից հատիկներ թռցնում, էնպես էլ Ալեքը թեթև ձեռնագող էր. մանր-մունր բաներ էր թռցնում, բախչից վարունգ, հավանոցից ձու, այգուց տանձ ու խաղող և այլն։

— Կա՛ց, կա՛ց, ձիուդ ջլավը (սանձը) քաշի, դիրքերից գալներս էս ա, ամեն բան հանգիստ էր,— խոժոռեց վրան ստրաժնիկ Սաքին։

Ալեքը վիրավորված, որ իրեն չեն ուզում հավատալ, ձին ասպանդակեց ու առաջ անցավ։

— Կա՛ց, ասում են քեզ, թե չէ հրես ծվծվանդ