Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տո՛, քավթառ շուն, էսպե՞ս ես պահում ջաղացս։ Քեզ աղա եմ կարգել գլխիս...

— Դե՛, աղուն բերող չկա, մի քիչ նունջս տարել էր,— կմկմալով պատասխանեց Անտոնը։

— Աղուն բերող չկա՞... էլ ո՞վ աղուն կբերի խարաբախանա, ավերակ ջաղացը, դուռը որ փակ պահես, էլ ո՞վ մոտ կգա... Ո՞վ ա տեսել ջաղացի դուռը օրը կեսօրին փակ։ Քու ջաղացն իսկի փակ պահե՞լ ես, որ հիմի իմն ես պահում... Սաղ մի սհաթ ա, ջաղացի դուռը կոտրատում եմ, ձեն տվող չկա, աղուն բերողը գլուխն ի՞նչ քարովը տա...

— Էս տեսակ բան իսկի ինձ հետ պատահած չի, Սոլոմոն...

— Ձե՛նդ, հարամզադա՛ շնությունն էլ նոր ես սովորե՞լ... Ո՞վ ա գիշերս քեզ մոտ ղոնաղ կանչված ըլել, որ չայ—շաքար ես առել, կրկենի թխել, ջաղացդ էլ ավլել, մաքրել, որ եկողը թոզոտ չըլի։ Ասա՛, ղոնաղդ ո՞վ էր, ո՞ւմ կնիկն էր...

— Սոլոմոն, ամո՛թա, սպիտակ մորուքիս մուր մի քսիլ..․

— Կա՛ց, հալա, ես քեզ մուր շանց կտամ...

Ու ձին դռան ծառիցը կապելով՝ Սոլոմոնը ներս մտավ ջաղացը։

Բուխարու առաջ դեռ իրենց տեղն էին թեյամանը, բաժակը, շաքարը, կրկենու մնացորդը և այն խոտը, որի վրա նստել էր Արսենը։ Մոռացկոտ ծերունու անփութություն։

— Աֆֆերիմ պառավ,— հեգնեց Սոլոմոնը,— աֆֆերիմ, ջանիդ ղադրը լավ ես իմացել։ Էս սուփրա-սեղանը ես իսկի իմ տանն էլ չեմ սարքել, լավ եք քեֆ արել, խոսք չունեմ։ Սոլոմոնի ջանը թող դուրս գա, որ ամիսներով շաքարի երես չի տեսնում։ Բա զուռնա—դհոլն ուր ա, զուռնա—դհոլը։ Ես էլ հենց գիտենամ ջաղացս հալալ մարդու ձեռի ա, դու մի ասիլ գող ու ավազակի ճանկ եմ գցել։ Տարեկան քանի՞ թաղար[1] հաց ես ծախում...

— Սոլոմո՛ն, ինձ բիաբուռ, խայտառակ մի անիլ, էս ա մի ոտս գերեզմանումը մարդ եմ, էս հասակն եմ հասել

  1. Թաղարը մոտ 30 փաթ է։