վարար ու հանդարտ հոսող գետի պես թշշում էին, իսկ գլուխը ծանրացել ու բութ ցավ էր զգում։
— Ա՛յ, ես քու չար սատանին ինչ ասեմ, հա՜... էն շունը քիչ մնաց երեխիս սպաներ, լավ որ գյուլլեն ձիուն դիպավ...
Երազի մանրամասնությունները վերլուծելիս, Անտոնը հանկարծ հիշեց թղթի կապոցի մասին։ Նա իսկույն զգաստացավ, կրակն իրար արավ ու ջաղացի դուռն զգուշությամբ բաց արեց։ Ադամամութն ընկել էր։ Անտոնը թևի տակ թղթի կապոցը առած, լուս ու մութը խառնվելու պինդ խավարի մեջ, իջավ դեպի առուն, տրեխները հանեց, մտավ ջրի մեջ ու վազեց դեպի մեծ ճանապարհը, որը երկաթուղու կայարանը միացնում էր շրջանի գրեթե բոլոր գյուղերի հետ։ Տեղ հասնելով, նա ջրից դուրս եկավ ու թղթերը ճանապարհի երկարությամբ սկսեց փռել։ Մի քանի րոպե չանցած՝ ճանապարհը Ծիր Կաթինի աստղաշարքի նման փայլում էր բոլշևիկյան կոչի թռուցիկներով։
Անտոնն իր հետքը կորցնելու նպատակով մտավ մեծ ճանապարհի մոտով հոսող գետը և գետի հոսանքով իջնելով հասավ առվին ու կրկին վերադարձավ ջաղացի մոտ։ Տրեխները հագավ, բարձրացավ վերև, մտավ ջաղացը, կրակը վառեց, թրջված շորերն սկսեց ցամաքացնել։
Խավարն իր սև վարագույրը կամաց—կամաց ետ էր քաշում։ Լույսը բացվում էր։
Պայծառ օր էր բացվել, բայց Անտոնը դեռ քնած էր։ Մին էլ ջաղացի դուռն ամուր բախեցին։ Անտոնը վեր թռավ տեղից, աչքերը տրորեց ու քունը գլխումը, զգաց, որ դռան թրխկոցն իսկի աղուն բերողի նման չի, ով որ է, շատ կատաղած է քացի տալիս դռանը։
— Է՜յ, ջաղացպան, ինչ ես շնթռել...
Սոլոմոնն էր։
Անտոնը խայթվածի պես ծլունգ եղավ տեղիցը, դուռը բաց արավ։
Բարի լույսի փոխարեն, Սոլոմոնն սկսեց գոռգոռալ ու հայհոյանքներ թափել.