Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էսպես հազար ու մի մտքերի մեջ էր Անտոնը, երբ ներս մտան պահակները Ավետիսի գլխավորությամբ։

— Բարի իրիկուն, Անտոն բիձա։

— Բարով, հազար բարի, եկեք, տղերք ջան, եկեք մրսած կըլեք, եկեք տաքացեք,— կրակի փայտն ավելացնելով ասաց Անտոնը։

Պահակները հրացանները պատին դեմ անելով՝ մոտեցան բուխարու կրակին։

— Հրեն օխտը բոլշևիկ եմ բռնել, ծառիցը կապել, էգուց Մեխակ վարժապետին փեշքեշ եմ անելու,— ասաց պահակներից մեկը։

— Օխտը չի, ութն ա,— վրա բերեց երկրորդը։

— Արջն իրեն ահիցը կգոռա, — կրկին խոսեց առաջինը։ — էս հալա բոլշևիկի թուղթն ա երևացել, Մեխակ վարժապետը չի կարում դադար նստի, բա որ էգուց թղթի տեղ գյուլլա երևա, ո՞նց ա դոշը դեմ տալու։

— Դոշը չէ, մեջքն ա դեմ տալու, մե՛ջքը, հենց փախչի, որ ոնց-որ թազի տեսած աղվես, էլ ետ դոշը դեմ տվողը ես ու դա պտենք ըլել, ես ու դու,— կրկին խոսեց երկրորդը։

— Հա՜, ո՞նց չէ, եփել են հազիր արել: Թե ես բոլշևնիկի վրա գյուլլա գցեմ, թող իմ երեխանցը դիպչի։ Թե մի աչքս նրանց կըտենա՜... Ես թող շուն դառնամ, թե նրանց վրա թվանք մեկնեմ։ Ադրբեջանը քեզ օրինակ. քանի մուսավաթն էր, մեզ հետ կռիվը հո կռիվ էր, իրենց մեջ էլ շնաքոլոլ ընկած գզում ին, ոնց որ հիմա մեր գեղումը։ Մուսավաթն աղին թև ու թիկունք էր տվել, կատաղացրել, գցել քյասիբի ջանին... Բոլշևնիկն եկավ, էն օինը դրեց քու Մամմադ աղի ու Սամադ աղի գլխին, որ հիմի ով գիտա որտեղ են սոված զկըռտում, քյասիբն էլ դինջացավ ու իրեն վարուցանին ա, իրեն մշակութենին։

— Արա, ա Միդ, էլ ի՞նչ ենք եկել էս ճամփին ղարավուլ կանգնել, էնա եկ առավոտն էս Ավետիս դայուն ասենք մեզ աղաք անի, տանի Մեխակ վարժապետին տա, էլի՛։ Էլ քեզանից ու ինձանից լավ հակառակ ես որդի՞ գտնեմ. բոլշևնիկ ենք, թե ինչ ենք, էսա հրես էս կրակի ղրաղին նստած ենք, էլի՛...