— Սխալ եք հաշիվ անում, տղե՛րք,– մեջ մտավ Ավետիսը,— թե որ Մեխակ կոմիտեին մարդ տանելու բան ըլի մեր գյուղումն ինչքան աղքատ-տնանկ կա, պետք ա բռնոտենք, որի հետ զրից ես անում, ձեզ պես են խոսում։
— Թաղեմ քու կոմիտեի շաշ գլուխը,— կրկին խոսեց Միդին,— ինքը փափուկ բարձին քնած, գիդում չի, թե սաղ գեղերը զզվել են էս կառավարութենիցը, դառել բոլշևնիկ։ Թող մի էն սարի ծերիցը մի բոլշևնիկի թվանք տրաքի, տես հալա ժողովուրդը դեպի նրանց կողմն ա անց կենում, թե չէ, տես քու էդ կոմիտեի մոխիրը քամուն են տալի, թե չէ... Եկողը գիդա՞ս ով ա... Թագավոր սպանող ու հարուստ խեղդող ռուսն ա, է՜, ռո՛ւսը, ես նրա շեկ ռանգին մատաղ։ Թող մի գա, էս Սոլոմոնի ու Գրիշա-բեգի պես շներին շանսատակ անի, է՜, որ գելի պես գեղն են ընկել, լափում են։ Հրես է՜, մեր մուսավաթն էլ դաշնակ ա, տեսնո՞ւմ են, ոնց են պաշտպանում հարուստներին...
— Համա ինչ բախտներս քաշեց, էս խաթեն Սոլոմոնի ախպոր տղի գլխին ընկավ, է՜, թե չէ մի խեղճ քյասիբի ձեռի որ էդ թղթերիցը բռնել ին, անխոսալ և անխոսացնել գյուլախորով ին անելու։
— Հա, բա՜... Խելքդ լավ էս կտրում... Տես էգուց հարսանքավորները զուռնա-դհոլով, հարսն առած գալիս են մեր գեղը, թե չէ... Մեխակ վարժապետը որ իմանար, թե նորափեսան Սոլոմոնի ախպոր տղեն ա, կբռնե՞ր... Ըհը՛, էգուց էս բեղերս կկտրեմ, թրքի մեջ կկոխեմ, թե քու էդ Մեխակ վարժապետ կոմիտեն հարսանիքի հետ մեր գեղը չգա, քեֆ չանի... Խալխը կարում չի թե ցամաք հաց ճարի, փորը մեջքիցն ա կպել, քու Սոլոմոնը կասես կերի մեջ պահած բուղա ըլի, երկու տարի ա, ես մսի համ չեմ տեսել, նա հրեն քեզանից, պարտքի տեղ խլած հերինջը հարսանիքումը մորթել ա, որ միսը թյունջի ըլի, փափուկ ու համով։
— Դա խի՞ ես նեղանում, այ որդի, ապրանքն իրենը չի՞, ինչ կուզի՝ կանի,— մեջ մտավ Անտոնը։
— Իրանն ա, բա՜ս, իրանն ա, Անտոն բիձա, էս ջաղացն էլ ա իրանը, չէ՞ քու տան տեղն էլ ա իրանը, չէ՞ իմ բաղն էլ ա իրանը, չէ՞... Դե՛, էլ ինչ ենք զուր տեղը գլխներիս փափախ դնում, սաղ գեղն իրենն ա, էլի՜, ինչ կուզի, կանի,