— Էս ի՞նչ բան ա... էս որտեղի՞ց ա...
— Հարսանիքից, Սոլոմոնի ախպոր տղի հարսանիքիցը։
— Ա՛ փուչ, դու հարսանիքումն ի՞նչ բան ունեիր։
— Ո՞նց թե... ո՞վ ա տեսել առանց շաշի հարսանիք։ Իրիկունը քու մոտից գնացի, թե տեսնամ ոնց են անում հարսանիքի բանը։ Գնացի տեսա, էս քու Սոլոմոնը սաղ գեղը գլխին հավաքած քեֆ ա անում։ Մեխակ վարժապետն էլ կողքին նստած, Սոլոմոնն ինձ կանչեց, պատիվ արավ ու էս երկու բոթիլ գինին տվեց, որ բերեմ քեզ տամ...
— Դենը տար, թե չէ հրես երկուսն էլ գլխիդ կջարդեմ։ Նա ղալաթ ա արել, որ քեզ ա տվել, դու էլ ղալաթ ես արել, որ բերել ես,— զայրացավ Անտոնը։
— Կա՛ց, կա՛ց, բանը խարաբ ես անում։ Շաշը ես եմ, դու ես շաշութեն անում... էս գինին բերել եմ, որ աղ ու հացով դուրս բերես հարսանիքի առաջը, հարսանիքը ճամփիցը ծռվելու ա, դեսն ա գալու: Սոլոմոնը հարսին բերում ա, որ ջաղացը նրան փեշքեշ անի, դու տրտինգ ես տալի՞,— ասաց Կուպրը և շշերը քաշեց մի կողմ։
Անտոնը մտածմունքի մեջ ընկավ։ Սա էլ մի նոր խայտառակություն իրեն համար, որ երեկվա անպատվությունից հետո, ինքը պետք ա աղ ու հացով դիմավորի գազան Սոլոմոնին։
— Չէ՛ ես էդ բանն անիլ չեմ, ինձ կսպանեմ ու անիլ չեմ,— զայրույթը հազիվ զսպելով փնթփնթաց Անտոնը։
— Անիլ չես, ջաղացիցը դուրս կանի,— վրա բերեց Կուպրը։
— Դուրս ա անում, թո՛ղ դուրս անի, զահլես տանիլ մի. վեր կաց կորի։
— Խաղաղություն էս ջաղացին, Անտոն բիձու աղ ու հացին...
Կուպրը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ հեռվից լսվեց զուռնի ձենը։
— Անտոն բիձա, դե, շուտ արա, աղ ու հացը վեր կալ դուրս արի, հարսանիքը գալիս ա,— ստիպողական պնդեց Կուպրը:
— Դուրս չեմ գալ, որ նրա պես հազար Սոլոմոն միջիցը տրաքի։