Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք էլ եկեք գնանք ամեն մեկս մի տաշտակ առնենք, նրա ոտները լվանանք ու ջուրը խմենք, էլի՜...

— Վե՛ր կացեք, վե՛ր կացեք գնանք ղարավուլ քաշենք կեսգիշերն անց ա, մի բան կպատահի,— ասաց Ավետիսը։

— Ինչ ուզում ա թող պատահի,— վրդովված պատասխանեց Միդին։ — Ես գնամ ճամփին ղարավուլ քաշեմ, դու էլ գնա իմ տանը ղարավուլ քաշի, տե՛ս խումբի տղերանցից մեկնումեկը հո չի՞ եկել կնկանս ծոցը մտել... Թո՛ւ, էս ղայդի նամուսին։

— Վե՛ր կաց, վե՛ր կաց, ամո՛թ ա, ընտանիքդ անպատիվ մի անիլ,— հորդորեց Ավետիսը։

— Անպատիվ անողն արել պրծել ա, թե ես էլ կարամ իմը կանեմ,— ասաց Միդին ու վեր կացավ տեղիցը։

Պահակները դուրս եկան ջաղացից, իսկ Անտոնը մեկնվեց կրակի առաջ, որ հանգիստ տա իր տանջված ուղեղին, որը պայծառացել էր տեղի ունեցած խոսակցությունից։

— Հա՜, հիմի կհավատամ, որ Սոլոմենների վերջը մոտեցել ա,— ինքն իրեն շշնջաց Անտոնը և քնի գիրկն ընկավ։

VIII

Լուսաբաց էր։ Անտոնը վեր էր կացել անհանգիստ քնից, բուխարու կրակը վառել և Սոլոմոնի ձեռքով քանդած քուրքի կարերն իրար էր անում, երբ ջաղացի դուռն ամուր բախեցին։

— Ո՞վ ես,— ձայն տվեց Անտոնը։

— Ես եմ, ե՛ս, Անտոն բիձա, վեր կաց դուռը բաց արա, գինի տամ, բողազդ թաց արա։

Կուպրն էր։

Անտոնը բաց արավ ջաղացի դուռը և ներս հրավիրեց անսպասելի հյուրին, որից գինու հոտ էր փչում։

— Անտոն բիձա, բարի լույս, անգաճ արա սուս ու փուս...

— Ա՛ կուպր մեռած, թե մարդավարի զրից ես անելու, արա, թե չէ վեր կաց կորի, քու գլուխը չունեմ։

— Ա՜յ, զրից սա՛ կանի, ապա խմի, համը տես, դարդդ քամին կտանի,— այս ասելով Կուպրը գրպաններից հանեց մի-մի շիշ գինի, երկու բաժակ ու դրեց Անտոնի առաջ։