Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ ա ասում, Սոլոմոն, լավ ա ասում, մենք էլ կբաշխենք, մենք էլ,— ձայնեցին հարբած ձիավորներն ամեն կողմից։

Սոլոմոնն ստիպված եղավ քսակը բանալ։ Այս ու այն կողմից թղթադրամներ թափվեցին։ Կուպրն շտապ-շտապ հավաքում էր ու պարում։

— Դե մի բան էլ ասա ա գնանք,— ծիծաղից բերանը մինչև ականջի տակերը հասած, հռհռալով առաջարկեց Մեխակ կոմիտեն։

— Դու Մեխակ ես, Մեխակ ես,

Համ հասած ես, համ խակ ես,
Բոլշևիկը թե որ գա,

Պինդ կաց, տեղդ չճաքես։

— Հա՜, հա՜, հա՜,— էնպես պինդ ծիծաղեց Մեխակ կոմիտեն, որ քիչ մնաց ձիուց ցած ընկներ։

— Ա՛ շաշ, Կո՛ւպր, էդ ինչե՞ր ես դուրս տալիս,— վրա պրծավ մի զինվոր։

— Ձեռք մի տա, հիմար,— միջամտեց Մեխակ կոմիտեն։

— Շաշ եմ, շաշ եմ,, ես շաշ եմ,

Քեզ պես տասին կմաշեմ...

— Կերա՞ր․․․, էտ էլ քու բաժինը,— ուրախ տրամադրությամբ ասաց Մեխակ կոմիտեն ու մի քանի թղթադրամ էլ շպրտեց։

— Էս բռներ են, բռներ են,

Սիրուն-սիրուն բաներ են...

— Ա՛ Կուպր, մեռա՚ծ,— ընդհատեց Սոլոմոնը,— իրիկունը կգաս, որ ուրախացնես։

— Անտոնին էլ բերե՞մ...

— Դու գիտես,— պատասխանեց Սոլոմոնն ու ձին քշեց հեռացող հարսանիքի ետևից։